FAF. Դժգոհ ենք Հայաստանի հավաքականի խաղից, արդյունքներից և կարգապահությունից

19:02   19 հոկտեմբերի, 2022

Հաշվի առնելով ավարտված ֆուտբոլային շրջանը, հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը և Եվրո-2024-ի որակավորման փուլի  մարտահրավերը` Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժումը իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հետևյալ գնահատականով և հայտարարությամբ:

«1. Հավաքականների խայտառակ ելույթները.

Դժգոհ ենք Հայաստանի ազգային հավաքականի ցուցադրած խաղից, արդյունքներից և կարգապահությունից: Մասնավորապես, Հայաստանի համար առկա բարդ պատերազմական իրավիճակում հավաքականի ցուցադրած կամազուրկ խաղն ու վերջնարդյունքը հեռու են հայ երկրպագուի սպասելիքներից: ՀՖՖ հայտարարած նպատակների իրագործումը այս փուլում չի համապատասխանում նախապես ուրվագծված ծրագրին: Տարբեր տարիքային հավաքականների ձախողված ելույթները նույնպես հեռու են մեր ակնկալիքներից։ 

  1. Ավանի Ակադեմիան.

Ունենալով տարածաշրջանի մակարդակով բացառիկ ենթակառուցվածքներ` ձախողել ենք Ավանի ակադեմիայի, որպես հայկական ֆուտբոլի դարբնոցի կայացումը: Մասնավորապես, չկա համակարգային արդյունավետ մոտեցում կադրերի պատրաստման, նրանց` երիտասարդական հավաքականներում ներգրավման և ընդհանուր ձեռագիր ունենալու հարցերում:  

  1. Մանկապատանեկան ֆուտբոլը և Ազգային զարգացման ծրագիրը.

2019թ.-ին ՀՖՖ-ն պայմանագիր ստորագրեց արտասահմանցի փորձառու մասնագետների հետ: Մշակվեց ֆուտբոլի Ազգային զարգացման ծրագիր և դրվեց դրա կիրառման սկիզբը: Ծրագիրը միտված էր Հայաստանում ձևավորվող ենթակառուցվածքներին զուգահեռ ստեղծել մանկապատանեկան ֆուտբոլի համընդհանուր ծրագիր, որի ներդրմամբ պետք է ստեղծվեր ազգային մարզումային ծրագիր, որով պետք է աշխատեին ՀՖՖ-ն, հայկական ակումբները և մարզիչները: Ծրագրի մեկնարկից 3 տարի անց, դեռ նշմարելի չեն հաջողություններ,  բացառությամբ հատուկենտ դեպքերի, տվյալ ծրագիրը կարելի է ասել չի կիրառվում:  

  1. Իրավիճակի հանգուցալուծումը.

ՖԱՖ-ը, լինելով հայկական ֆուտբոլում փոփոխությունների նախաձեռնողներից մեկը և կրելով իր պատասխանատվությունը հայկական ֆուտբոլի առաջ, ՀՖՖ-ից պահանջում է բարձրացված խնդիրների շուտափույթ լուծում` սեղմ ժամկետներում: Ակնկալում ենք տեսնել խնդիրների լուծմանն ուղղված հստակ քայլեր, որոնց բացակայության պարագայում ՖԱՖ-ը կտա համապատասխան արձագանք:    

5․ Եվրո 2024-ի ընտրական փուլը.

Թուրքիայի ազգային հավաքականի դեմ ֆուտբոլային դիմակայությունները լինելու են ոչ միայն մարզական, այլև քաղաքական իրադարձություններ։ Խաղերի հանդեպ ուշադրությունը Հայաստանում, հայակական սփյուռքում և արտերկրում լինելու է ռեկորդային մասշտաբների։ Այս դիմակայություններում հաղթական ելքերը մեր հայրենակիցների շրջանում կարող են բերել հայկական նոր զարթոնքի, հավատի ու մոտիվացիայի վերականգնման, իսկ անհաջողության պարագայում՝ վերջնական հուսահատության։  Ուստի այս շրջանում ակնկալում  ենք հայկական ֆուտբոլի բոլոր շերտերի ներկայացուցիչների կոնսոլիդացիա, ՀՖՖ-ի կողմից հայկական ֆուտբոլային հասարակության՝ հայկական ֆուտբոլային ընտանիքի վերականգնմանն ուղղված քայլեր, հնարավոր կոնֆլիկտների վերացմանն ուղղված աշխատանք՝ տարբեր կողմերի հետ, ինչպես նաև տարբեր հանրային հարթակների ստեղծմանն ուղղված աշխատանքներ։

Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին ևս հորդորում ենք այս շրջանում ցուցաբերել կառուցողական մոտեցում`

Հայրենիքի և պատմական հաղթանակի արժեքը վեր դասենք ամեն տեսակ սկզբունքներից, իսկ ճտերը կհաշվենք աշնանը։

Տեղեկացնում ենք` հանդիպել ենք ՀՖՖ նախագահին, ներկայացրել ենք վերոնշյալ հարցերը և ակնկալում ենք տեսնել գործուն քայլեր»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։