Էդգար Մելքոնյան. Ցանակնում եմ մեկ անգամ էլ նվաճել աշխարհի չեմպիոնի գոտի, որպեսզի մոտիվացիա լինի պատանիների համար

09:45   11 հոկտեմբերի, 2022

Առաջին անգամ, երբ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իրականացրեցի հայրիկիս երազանքը: Այժմ ցանակնում եմ մեկ անգամ էլ նվաճել չեմպիոնական գոտի, որպեսզի այն մոտիվացիա լինի պատանիների, երեխաների համար:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մուայ թայ բոքսինգի  2016 թվականի աշխարհի չեմպիոն, քիկբոքսինգի պատանիների աշխարհի փոխչեմպիոն, սպորտի վարպետ Էդգար Մելքոնյանը:

Նոյեմբերի 15-22-ը Թաիլանդի Պատայա քաղաքում տեղի կունենա մուայ թայ բոքսինգի WMF վարկածով աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 4 մարտիկով: Հավաքականի կազմում 63 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնական գոտու համար երկրորդ անգամ կպայքարի նաեւ 36-ամյա Էդգար Մելքոնյանը:

Էդգար, նախքան աշխարհի առաջնության մասին խոսելը, պատմիր քո մասին: Ո՞ւմ խորհրդով ես սկսել զբաղվել մարզաձեւով, քանի՞ տարեկանից:

7 տարեկանից եմ զբաղվում արեւելյան մարտարվետսներով: Սկզբում հաճախում էի  քիկբոքսինգի: Այդ ժամանակ Հայաստանում մուայ թայ դեռ չկար: Քիկբոքսինգում լավ արդյունքեր ունեի: 15 տարեկանում աշխարհի պատանեկան առաջնությունում դարձա արծաթե մեդալակիր: Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: 1999 թվականին մեկ ամսով Թաիլանդում մասկանցեցի մուայ թայ բոքսինգի սեմինարի: Դրանից հետո սկսեցի զբաղվել մուայ թայով:

Երբ եւ ինչպե՞ս է հիմնադրվել մուայ թայ բոքսինգը Հայաստանում:

Երբ սեմինարից վերադարձա, ցանկանում էի շարունակել զբաղվել մարզաձեւով, բայց պաշտոնական ֆեդերացիա, թիմ, մարզադահլիճներ չկային: Այդ շրջանում Հայկ Ժամկոչյանի կողմից հիմնադրվեց մուայ թայ բոսքինգի ֆեդերացիան: Նրանից հետո ֆեդերացիայով սկսեց զբաղվել Արամ Աբրահամյանը, որն այժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է:

WMF վարկածով մուայ թայի առաջին եւ դեռեւս միակ աշխարհի չեմպիոնն ես Հայաստանում: Ինչպե՞ս հաջողվեց նվաճել չեմպիոնական գոտին:

Դեռ միայն ինձ է հաջողվել աշխարհի չեմպիոնական գոտի նվաճել: 2016 թվականի աշխարհի առաջնությունում ունեցանք նաեւ բրոնզե մեդալակիր: Այդ տարի մեր հավաքականը ուժեղ կազմով էր մասնակցում, Հայաստանում մուայ թայի զարգացման շրջանն էր: Ես մեծ դժվարությամբ եմ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Իմ հաղթանակը գրեթե անհավանական էր, բայց ցանկությունն էր շատ մեծ: Մեծ երազանք էր, որը ես պետք է իրականացնեի: Մինչեւ կիսաեզրափակիչ հաղթեցի բոլոր մրցակիցներիս: Կիսաեզրափակիչում կողոսկրի կոտրվածք ստացա, նաեւ ձեռքերի վնասվածք ունեի: Եզրափակիչում մրցակիցս երեք անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ղրղզ մարտիկ էր: Մարզիչս համոզում էր, որ եզրափակիչին չմասնակցեմ, քանի որ վնասվածքներս լուրջ էին: Ես չհամոզվեցի, քանի որ աշխարհի չեմպիոն դառնալը հայրիկիս երազանքն է եղել: Նա է եղել սպորտում ինձ ոգեշնչողը: Երբ զինծառայության մեջ եմ եղել, մայրիկիս ասել է, որ կուզեր մի օր էլ ինձ տեսնել աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Ես իր երազանքն իրականցրի, բայց նա չհասցրեց վայելել: Մտքումս միայն լուսահոգի հայրիկիս երազանքն իրականացնելն էր: Այդպես եզրափակիչի առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի ղրղզ մարտիկին:

Նոյեմբերին անցկավելիք աշխարհի առաջնությունը քո կարիերայում երկրորդն է լինելու: Ինչո՞ւ նախորդ տարիներին չես մասնակցել:

Նախորդ մենամարտս եղել է 2019 թվականին, դրանից առաջ՝ 2016-ին: Այս դադարները եղել են վնասվածքների պատճառով: Հիմա էլ աշխարհի առաջնությունից առաջ դեռ լիարժեք չեմ ապաքինվել: Ունեմ վնասվածքներ, բայց այլեւս չեմ ցանկանում սպասել:

Աշխարհի, Եվրոպայի պաշտոնական առաջնությունների համար պետական աջակցություն կա՞, ինչպե՞ս եք ֆինանսավորվում:

Հիմնականում ինքնաֆինանսավորում է՝ հովանավորների առաջկցությամբ: Պետական աջակցություն չունենք: Այնպես է լինում, որ մենք՝ մարզիկներս ենք մեզ համար գտնում հովանավորներ: Անցած աշխարհի առաջնությանը, որտեղ նվաճեցի չեմպիոնի կոչումը, ունեի հովանավոր: Հիմա դեռեւս չունեմ, բայց հույս ունեմ, որ մինչեւ առաջնության մեկնարկը կունենամ: Շատ եմ ցանկանում մասնակցել առաջնությանը եւ ոչինչ չեմ խնայում չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու համար:

Ի՞նչն է քեզ մոտիվացնում չեմպիոնական պայքարը շարունակելու համար: 

Սիրում եմ մշտապես պայքարի մեջ լինել: Սպորտն ինձ համար ապրուստի միջոց չէ, հատկապես, մեր մարզաձեւում շատ բարդ է գումարներ վաստակել: Եթե օլիմպիական մարզաձեւ լիներ, գուցե կարողանայի այն նաեւ որպես աշխատանք ընդունել:

Ինձ այս մարզաձեւում մոտիվացնում է պայքարելու ձգտումը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ վայելել աշխարհի չեմպիոնի կոչումը կամ պայքարել այդ տիտղոսը նվաճելու համար: Այս տարիքում գուցե նաեւ փորձություն եմ դիտարկում՝ կկարողանա՞մ հաղթահարել իմ առջեւ դրված խնդիրը, թե՞ ոչ: Չեմ կարողանում ռինգի անկյունից հետեւել մենամարտերին: Ուզում եմ լինել ռինգում, մենամարտել:

Մարզվում եմ «Աշխատանք» մարզական ակումբում: Ինձ հաճելի է այնտեղ տեսնել մուայ թայով զբաղվող երեխաների, որոնց համար օրինակ եմ: Ուզում եմ եւս մեկ նվաճում ունենալ, որպեսզի օգնեմ երեխաներին՝ երազել մեծ հաղթանակների մասին ու հավատալ, որ այս մարզաձեւում էլ կարող ենք ունենալ աշխարհի չեմպիոններ:

Ի՞նչ կասես Հայաստանում մուայ թայի եւ, առհասարակ, արեւելյան մարտարվեստների մասսայականության, զարգացման մասին: 

Դեպի արեւելյան ձեւեր հոսքը քիչ է: Ֆեդերացիայի աշխատանքի խնդիրը չի. աշխարհում է այդպես: Սպորտի պրոպագանդան է պակասել: 1996-97 թվականներին, երբ քիկբոքսինգի մրցաշարերի էի մասնակցում, 6-7 մենամարտ պետք է անցկացնեի եզրափակիչ դուրս գալու կամ առաջին տեղը զբաղեցնեիլու համար: Հիմա ոչ միայն մարտարվեստներում, բոլոր մարզաձեւերում 2-3 մենամարտ-գոտեմարտից հետո եզրափակիչում են, կամ, դառնում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանում արեւելյան մարտարվեստների չզարգանալու կամ մասսայականություն չվայելելու մի պարզ պատճառ կա. երբ ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, իմ մարզադահլիճում մարզվող երեխաների ծնողները տեսել են, որ աշխարհի չեմպիոնին կամ մեդալակրին ոչնչով չեն պարգեւատրում, ոչ մի վերաբերմունք չկա: Մուայ թայից  հանել, տարել են  բռնցքամարտի, ըմբշամարտի, որովհետեւ երկու-երեք հենակետային մարզաձեւերում կա այդ ուշադրությունը: Ադպիսի դեպքի ականատես եմ եղել, բայց այդ ծնողին չեմ կարող բացատրել, որ ես աշխարհի չեմպիոն չեմ դարձել պետության կողմից վերաբերմունք ստանալու, գումարներով պարգեւատրվելու համար: Երբեք այդպիսի ձգտում չեմ ունեցել: Այն, ինչ արել եմ, նվիրված է եղել հայրիկիս:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։