Աննա Թադեւոսյան․ ՀՖՖ գործկոմը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից

23:14   10 հոկտեմբերի, 2022

Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։

ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015թ.-ին: Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել, կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»,- գրել է Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում։

Աննա Թադևոսյան

Ծնվել է 1984 թվականի փետրվարի 26-ին։

2000-2004 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնում։

2004-2006 թթ սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։

2009-2010 թթ աշխատել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որպես Ռուսաց լեզվի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի օգնական, դասախոս։

2010-2011 թթ աշխատել է armsport.am  սպորտային կայքում, որպես թարգմանիչ և լրագրող։

2011-2018 թթ աշխատել է «Շիրակ» ՖԱ-ում, որպես Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար։

2016-2018 թթ եղել է «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի նախագահը։

2018-2019 թթ. հանդիսացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի պետը։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։