Մարիամ Մկրտչյան․ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը նվիրում եմ Հայաստանի սահմանը պահող զինվորներին

17:16   20 սեպտեմբերի, 2022

Ռումինիայում ավարտված շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած Մարիամ Մկրտչյանը հաղթանակը նվիրում է Հայաստանի սահմանը պահող զինվորներին, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հայաստանի գործող չեմպիոնուհին Մ18 աշխարհի առաջնությունում հաղթել էր բոլոր պարտիաներում՝ վաստակելով 11 միավոր։

 «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. Մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր։

Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել:

Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»,- ասել է Մարիամ Մկրտչյանը:

Հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։