Արմեն Բաբալարյան․ Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ բավարար

09:02   14 սեպտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ բավարար: Պետք է աշխատենք սխալների վրա, նաեւ բարձրացնենք տղաների ինքնավստահությունը հաղթանակների նկատմամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում Բելգրադից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն ամփոփել է աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը 8 մասնակցով նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկե, 1 բրոնզե: Չորրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացրեց նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որ ցավալի պարտություն կրեց եւ մնաց առանց մեդալի:

Հայաստանի մյուս 5 ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը, Գեւորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը եւ Դավիթ Օվասապյանը պարտություններ կրեցին եւ լքեցին պայքարը:

Պարոն Բաբալարյան, ամփոփեք աշխարհի առաջնությունը: 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալները գոհացնո՞ւմ են Ձեզ:

Արդյունքները բավարար եմ գնահատում: Երբեք գոհ չեմ լինում, քանի դեռ աշխատանք կա անելու: Արթուր Ալեքսանյանը փայլուն մրցաշար անցկացրեց, փառահեղ հաղթանակ տարավ: Նրա ոսկե մեդալը սպասված էր: Մալխաս Ամոյանի բրոնզե մեդալը նույնպես գոհացնում է, բայց նա իր քաշային կարգում ֆավորիտներից է եւ կարող էր ոսկե մեդալի համար պայքարել: Թիմում աշխատանք կա անելու, ինչպես միշտ: Պետք է սխալների վրա աշխատենք, որպեսզի հաջորդ անգամ դրանք չկրկնենք:

Փորձենք անհատապես անդրադառնալ բոլորի մրցելույթներին: Նշեցիք, որ Մալխաս Ամոյանը կարող էր եզրափակիչի ուղեգիր նվաճել: Ի՞նչը պակասեց:

Մալխաս Ամոյանը առաջին գոտեմարտում եզրափակիչ գոտեմարտ անցկացրեց, այսպես կարելի է ասել, քանի որ նա մրցեց եզրափակիչի մասնակցի հետ: Հավասար պայքարում ավարտվեց գոտեմարտը՝ 3:3, վերջին միավորի առավելությամբ հաղթեց հունգարացի ըմբիշը: Սա նշանակում է՝ մրցակիցը նրան չէր գերազանցում: Ամոյանն ապացուցեց, որ սա պատահական պարտություն էր: Եթե Լեւային հանդիպեր երկրորդ-երրորդ գոտեմարտում, ավելի վստահ հաղթանակ կտաներ, ավելի լավ կգոտեմարտեր, որովհետեւ հաջորդ օրը սփոփիչ գոտեմարտերում նա գնալով բացվեց: Միշտ առաջին գոտեմարտը բարդ է ստացվում, մասնավորապես, երբ պայքարում ես ուժեղ մրցակցի հետ: Վիճակահանությունն այնպես ընկավ, որ առաջին գոտեմարտն իսկապես ասես՝ եզրափակիչ լիներ: Այնպես չէր, որ այդտեղ ինչ-որ մեկն Ամոյանից բարձր էր: Այսօր նա 77 կգ քաշային կարգում ֆավորիտներից մեկն է:

Մրցումները մի պարտությունով չեն ավարտվում: Մենք իրավունք չունենք մի պարտությունից ընկճվել: Առաջին օրվա պարտությունից հետո ոչ թե մարզիչները նրան օգնեցին տրամադրվել երկրորդ օրվա պայքարին, այլ ինքն իր մեջ հաղթահարեց: Ամոյանն այնպիսի մարզիկ է, որ ամեն ինչի պատրաստ է՝ պարտությունից չի խուսափում, չի ընկճվում, հաղթանակներից էլ օդերում չի սավառնում: Նա բարձր կարգի մարզիկ է, մարդ, տղա՝ ամեն բնորոշ հատկություններով օժտված:

Բրոնզե մեդալին շատ մոտ էր նաեւ Հրաչյա Պողոսյանը: Նրան ի՞նչը պակասեց:

Հրաչյա Պողոսյանի պարտությունն ամենացավոտն էր ինձ համար: Նա կարող էր բրոնզե մեդալ նվաճել: 3:0 հաղթում էր, ադրբեջանցուն բարձրացրեց, բայց այնտեղ, իմ կարծիքով, մրցակիցը ոտքով պաշտպանվեց: Վստահ չեմ կարող ասել: Չեմ ուզում նաեւ ասել, թե այնպես արեցին՝ պարտվի: Մենք տեսանք նրա կարողությունները, հնարքների բազան: Կաշխատենք սխալների վրա եւ հաջորդ տարի, կարծում եմ, ավելի վստահ հանդես կգա:

Մյուս մասնակիցների մասին ի՞նչ կասեք: Ինչպե՞ս կգնահատեք:

Սլավիկ Գալստյանը մեկ ամիս առաջ իր քաշային կարգում չեմպիոն դարձած սերբ ըմբիշին 8:0 հաշվով հաղթել էր Լեհաստանում: Այստեղ չհասկացա նրա հետ ինչ կատարավեց: Բողոքարկում ուզեց, գցեցինք, հետո խառնվեց, մի քանի անգամ էլ բողոքարկում ուզեց, ես չհամաձայնվեցի նրա հետ, հետո նորից ուզեց, գցեցինք: Կարողացավ լավ գոտեմարտ անցկացնել: 0:6 հաշվով պարտվելիս 7:6 հաշվով հաղթում էր, բայց էլի երկու միավոր տվեց: Ինձ թվում է՝ Սլավիկ Գալստյանը հաղթանակի հասնելու բանալին դեռ չի գտել: Դեռ պետք է զարգանա, որ կարողանա 7:7, 7:6 հաշիվների դեպքում դիմանա մինչեւ վերջ: Սա ավելի հոգեբանական հարց է, քան տեխնիկա-տակտիկական: Սլավիկը թույլ չի այս քաշային կարգում:

Կարապետ Չալյանը երկրորդ գոտեմարտում տակտիկական սխալի պատճառով պարտվեց: 1:1 հաղթում էր: Մրցավարն անընդհատ ասում էր՝ պասիվ, նրան թվաց թե գոտեմարտը կանգնեցրին, բայց սուլիչ չէր հնչել: Անկեղծ կլինեմ, նրա կարգի մարզիկն իրավունք չուներ նման սխալ թույլ տալ: Ես տեսա, որ նա նայում է մրցավարին: Հետեւից բղավեցի, որ չթուլանա: Այստեղ նա ավելի շատ միամիտ սխալ կատարեց: Եթե հաղթահարեր այս գոտեմարտը, կարող էր եզրափակիչի ուղեգրի համար պայքարել: Չեմ ասում՝ նրան կտեսնեինք եզրափակիչում, բայց կիսաեզրափակիչ կարող էր դուրս գալ: Նաեւ նշեմ, որ Չալյանը վնասվածքով մասնակցեց: Պետք է վերադառնանք եւ վիրահատվի:

Գեւորգ Ղարիբյանը կարող էր երկրորդ գոտեմարտում չպարտվել: Զիջեց: Չհասկացա՝ ինչ կատարվեց նրա հետ: Գոտեմարտից հետո զրուցել եմ նրա հետ: Այնպիսի բռնվածք էր, որ դժվար էր դուրս գալ: Խեղդող բռնված էր, չստացվեց: Ամեն պարտություն ունի իր վաղվա հաղթանակը: Պետք է աշխատենք, որ այսօրվա սխալները չկրկնենք:

Դավիթ Օվասապյանը երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթել էր ամերիկացուն: Այստեղ էլ նույն հաշվով պարտվեց: Այստեղ նա երկու անգամ պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ եւ երկու անգամն էլ չօգտագործեց: Հաղթելու հնարավորություններ ունեցավ, բայց չօգտագործեց, չկարողացավ: 

Ռուդիկ Մկրտչյանը մեկ հաղթանակից հետո երկրորդում պարտվեց: Հնարքներ բաց թողեց: Թույլ էր, պարտվեց:

Ձեզ համար ինչպե՞ս անցավ առաջին պաշտոնական մրցաշարը որպես գլխավոր մարզիչ, ի՞նչ խնդիրներ ընդգծեցիք, որոնց վրա պետք է աշխատել:

Հավաքականում շատ աշխատանք ունենք անելու: Միշտ էլ աշխատելու տեղ կա: Անթերի մարզիկներ չկան: Պետք է աշխատենք սխալների վրա: Այս առաջնությունից ինձ համար մի քանի խնդիր առանձնացրեցի՝ տղաների հաղթողի հոգեբանությունը, տրամադրվածությունը պետք է բարձրացնել: Նրանք պետք է վստահ լինեն իրենց ուժերի վրա, որ կարողանան հաղթել: Սա անհատական սպորտ է եւ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պահանջվում: Կան նաեւ տակտիկական, տեխնիկական խնդիրներ, որոնց վրա եւս պետք է աշխատել: Դրանք ավելի շատ մասնագիտական հարցեր են:

Ինձ համար որպես հավաքականի գլխավոր մարզիչ առաջին պաշտոնական մրցաշարն էր: Ինչպես արդեն նշել էի, նախորդ մրցաշարերից տարբերվում էր նրանով, որ այս անգամ պատասխանատվությունն ինձ վրա էր: Այս առումով ինձ համար մրցաշարը շատ լարված անցավ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.