Արմեն Բաբալարյան․ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությունը սպասված էր

14:44   13 սեպտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս քաշային կարգում չեմպիոնն ինքն է: Վնասվածքները հաղթահարելով կարողացավ իր արժանի տեղը զբաղեցնել աշխարհի առաջնությունում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 30-ամյա ըմբիշը Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի նկատմամբ գեղեցիկ հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ:

«Արթուր Ալեքսյանյանի չեմպիոնությունը սպասված էր: Արթուրն այս քաշային կարգում ոսկե մեդալի հավակնորդներից մեկն էր: Հավակնորդներ էին նաեւ իրանցի Սարավին, եզրափակիչ դուրս եկած բուլղարացի Միլովը, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է: Նա նույնպես ավելացրել էր եւ ֆավորիտների շարքում էր: Արթուր Ալեքսանյանն ապացուցեց, որ այս քաշային կարգում չեմպիոնն ինքն է: Նա վնասվածքներ ուներ, բայց կարողացավ վնասվածքներով հաղթահարել եւ իր արժանի տեղը զբաղեցնել աշխարհի առաջնությունում:

Շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Որքան միավորները իրեն պետք էր, վաստակեց, ճիշտ է՝ քիչ տարբերությամբ՝ 3:1, 5:1, բացարձակ առավելություն չունեցավ, բայց նրան այդքանն էլ բավարար էր:

Արթուր Ալեքսանյանի հետ 2008-2009 թվականներից եմ աշխատում: Երիտասարդներում առաջին քայլերն արեց, Եվրոպայի, աշխարհի բրոնզե մեդալակիր դարձավ, ապա Եվրոպայի, աշխարհի չեմպիոն: Այդպես սկսվեց նրա հաղթարշավը մեծ սպորտում: Միասին ենք անցել այդ ճանապարհը:

Առհասարակ, այս թիմում ինձ համար նոր տղա չկա, բոլորի հետ աշխատել ենք երիտասարդական հավաքականում, մեծահասակների հետ մասնակցել եմ բոլոր մարզումներին, մրցումներին: Ինչպես Արթուրին, այնպես էլ ամբողջ հավաքականին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ՝ ով, ինչի է ընդունակ: Նույնը Արթուրի դեպքում էր, սպասում էի, որ այս աշխարհի առաջնությունում իր ոսկե մեդալների թիվը կդարձնի 4: Եթե ամեն ինչ լավ ընթանա, վնասվածքները նրան չխանգարեն, նա կգնա մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր, բայց չեմ ցանկանում առաջ ընկնել եւ ասել, թե երկու տարի հետո ինչ կլինի»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ:

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։