Գեւորգ Ալեքսանյան․ Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, որ դեռ պետք է շարունակենք

09:03   13 սեպտեմբերի, 2022

Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, որ դեռ պետք է շարունակենք, մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Ուրախ եմ, որ Հայաստանն այսպիսի մարզիկ ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայր, անձնական մարզիչ, Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 30-ամյա ըմբիշը Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի նկատմամբ գեղեցիկ հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ:

Պարոն Ալեքսանյան, այժմ արդեն աշխարհի քառակի չեմպիոնի հայր եք, ինչի առիթով շնորհավորում եմ: Օլիմպիական խաղերից հետո տեւական դադար եղավ, ի՞նչն էր պատճառը:

Օլիմպիական խաղերից հետո կային վնասվածքներ, այդ մասին բոլորը գիտեին: Փորձեցինք, որքան հնարավոր է բուժել այդ վնասվածքները, բայց լիարժեք չեն բուժվել: Դեռ ունենք խնդիրներ, բայց նա այդ խնդիրներով ցույց տվեց, որ ուժեղ է:

Հավատո՞ւմ էիք, որ չորրորդ ոսկին կնվաճի Բելգրադում:

Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր:

Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է: Այժն արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը:

Արթուրի հետ չեմպիոնական շրջան անցաք: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ պահին:

Ես ուզում էի, որ Արթուրը միայնակ անցներ այդ շրջանը դրոշով, բայց ինքը պնդեց, որ այս անգամ իր հետ անցնեմ: Շատերը մտածում էին, որ Արթուրն այլեւս չի կարող որեւէ տիտղոս նվաճել, տարիքով է եւ այլն: Այս պատճառով այս առաջնությունում ցանկացավ ապացուցել, որ կարող է, նաեւ ինձ ապացուցել, որ մենք երկուսով կարող ենք: Ինձ ասաց՝ «Բարձրացիր, միասին ենք անցնելու չեմպիոնական շրջանը: Այս ճանապարհը միասին ենք անցել, պետք է այստեղ էլ միասին անցնենք»: Երջանիկ էի այդ պահի համար:

Չորրորդ անգամ եք հետեւում նրա չեմպիոն դառնալուն աշխարհի առաջնությունում: Ձեր ապրումները որպես  հայր, մարզիչ Բելգրադում ինչո՞վ տարբերվեցին նախորդ անգամներից:

Ընդհանուր առմամբ Արթուրը մասնակցել է աշխարհի առաջնությունների 6 եզրափակիչների: Միայն 2019 թվականի աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով գոտեմարտին չմասնակցեց, որն իմ որոշումն էր: Մյուս 5 եզրափակիչներում ես սպորտային մոտեցմամբ եմ հետեւել նրա գոտեմարտերին, հաղթանակներին:

Գոտեմարտերի ընթացքում մարզիչ եմ, ով սխալները պետք է ուղղի, ասի, խորհուրդներ տա, հուշի: Միայն հաղթանակներից հետո, երբ տեսնում եմ նրան պատվո հարթակին, այդ ժամանակ նոր ինձ թույլ եմ տալիս որպես հայր ուրախանալ: Երջանիկ եմ զգում որպես հայր: Ես չեմ կարող նրա գոտեմարտերին որպես ծնող հետեւել: Ես գորգի վրա նրան տեսնում եմ որպես մարզիկ եւ այնպես եմ անում, որ նա էլ ինձ դիտարկի որպեսզ մարզիչ, որպեսզի կարողանա գորգի վրա լիարժեք ցույց տալ իր հնարավորությունները: Այդ զգացողություններն ամեն անգամ տարբեր են լինում, ամեն անգամ շատ ուրախ ու երջանիկ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.