20:29 1 սեպտեմբերի, 2022Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Իմ դպրոցական տարիները շատ հետաքրքիր եւ բազմաբովանդակ են անցել: Իմ առաջին զանգից օրեր անց ինձ հեռացրին դպրոցից
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից պատմել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որը Գիտելիքի օրվա կապակցությամբ վերհիշել է իր դպրոցական տարիները, սեպտեմբերի 1-ը:
«Իմ դպրոցական տարիները շատ հետաքրքիր եւ բազմաբովանդակ են անցել: Հայաստանում սովորելուս տարիներից այդքան էլ վառ հիշողություններ չունեմ, քանի որ միայն տարրական դասարաններում եմ այդտեղ ուսանել: Մի քանի դպրոց եմ փոխել, ամեն տեղ քիչ եմ սովորել, մինչեւ տեղափոխվեցինք Ռուսաստան:
Առաջին զանգս հնչել է Էջմիածնի թիվ 11 դպրոցում, բայց այդ դպրոցում մի քանի օր մնացի: Առաջին օրերին մի աղջկա պաշտպանեցի, կռվի մեջ ընկա, ինձ անմիջապես հեռացրին դպրոցից: Հետո ընդունվեցի Էջմիածնի թիվ 3 դպրոց: Այստեղ շատ լավ դասղեկ ունեի, որին շատ էի սիրում՝ լուսահոգի ընկեր Ինջիղուլյանը: Հրաշալի կին էր:
Այստեղ էլ մեկ տարի սովորեցի եւ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան: Հետագա կրթությունս, դպրոցական կյանքս անցել է այնտեղ:
Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 1-ի, Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, կրթության մեջ ամենակարեւորն ինքնազարգացումն է եւ ինքնակատարելագործումը»,- ասաց Միհրան Հարությունյանը:
Այս գարնանը Միհրան Հարությունյանը պայմանագիր էր կնքել ամերիկյան UpNextFighting ընկերության հետ եւ օգոստոսի 20-ին երկրորդ մենամարտն անցկացրեց ԱՄՆ-ում: ММА մարտիկն այս օրերին պատրաստվում է իր հերթական մենամարտին:
«ԱՄՆ-ում երկրորդ մենամարտս անցկացրի, որը շատ հաջող ստացվեց, ինչի համար ուրախ եմ: Արդեն սկսել եմ պատրաստվել երրորդ մենամարտիս, որը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու նոյեմբերին»,- նշեց Միհրան Հարությունյանը:
Նախորդ մենամարտում օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել էր «Տարզան» մականունով 40-ամյա ամերիկացի Դավիդ Դուգլասին:
Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.