Երիտասարդական ԵԱ․ Էրիկ Բաղդասարյանը նվաճեց 1 ոսկե, Համլետ Մանուկյանը՝ 2 արծաթե մեդալ (ֆոտո)

15:14   21 օգոստոսի, 2022

Հայաստանն մեկ ոսկե, երկու արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը հավասարը չունեցավ զուգափայտերի վարժությունում: Հայ մարմնամարզիկը չեմպիոնի տիտղոսը նվաճեց 13.600 միավորով: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցօչ Գաբրիել Լանգթոնը (13.566), բրոնզե մեդալակիր՝ իսպանացի Դանիել Կարիոն (13.400):

Երկու արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի ամենակրտսեր ներկայացուցիչը՝ 14-ամյա Համլետ Մանուկյանը:

Նա արծաթե մեդալներ էր նվաճել նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում:

Նժույգ թափեր վարժության երզափակիչում 14-ամյա մարմնամարզիկը վաստակել է 13.966 միավոր՝ 0.44 միավորով հետ մնալով ոսկե մեդալակրից: Այս վարժությունում չեմպիոնի տիտղոսը  նվաճել է Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիլլան (14.000): Եզրափակիչ դուրս եկած Մամիկոն Խաչատրյանը 13.366 միավորով 4-րդն է:

Օղակների վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնը արծաթե մեդալակիր է դարձել 13.333 միավոր: Ոսկե մեդալակիր է դարձել Շվեդիայի ներկայացուցիչ Լուիս Մելանդերը (13.633): Օղակների վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.000 միավորով 4-րդն է:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 մասնակցով նվաճեց 3 մեդալ: Մեդալակիր չդարձավ միայն Մամիկոն Խաչատրյանը, որը նժույգ թափեր վարժության եզրափակիչում բավարարվեց 4-րդ տեղի արդյունքով:

Քիչ անց Մյունխենի օլիմպիական մարզապալատում կմեկնարկի մեծահասակների եզարափակիչները, որտեղ Հայաստանն ունի 4 մասնակից: Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը՝ հենացատկ եւ նժույգ թափեր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։