Արտակ Այդինյանը՝ Մյունխենից․ Մեր երիտասարդներն արեցին ավելին, քան սպասում էինք

20:07   20 օգոստոսի, 2022

Տղաների մրցելույթներից շատ գոհ եմ, մեր երիտասարդներն արեցին ավելին, քան սպասում էինք: Ուրախ եմ, առաջին մասնակցությամբ 3 տղաներով առանձին գործիքների 5 եզրափակիչի մասնակից ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայի Մյունխեն քաղաքից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արտակ Այդինյանը:

Մյունխենում օգոստոսի 19-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Էրիկ Բաղդասարյանը դուրս են եղել առանձին գործիքների եզրափակիչներ:

Արտակ Այդինյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր անդամները մասնակցեցին բազմամարտին:

«Երիտասարդները շատ լավ մասնակցեցին: Բոլորի արդյունքներից գոհ եմ: Արեցին ավելին, քան ակնկալում էինք: Դրան նպաստեցին նաեւ մեծահասակաների հավաքականի տղաները, որոնք հանդիսատեսի շարքերից երկրպագում, ոգեւորում էին տղաներին: Լարվածություն կար, բոլորն էլ առաջին անգամ էին մասնակցում Եվրոպայի առաջնության, եւ մեր թիմի անդամների ներկայությունը մարզադահլիճում նրանց շատ օգնեց:

Սպասելիքներ ունեինք, որ տղաները կկարողանան եզրափակիչներ դուրս գալ, բայց բոլորս գիտենք, թե մարմնամարզությունը որքան բարդ եւ անակնկալներով լի մարզաձեւ է:

Թիմային պայքարում 12-րդ տեղը գրավեցինք: Առաջին անգամ պատմության մեջ թիմային պայքարում էինք եւ առաջին անգամվա համար 12-րդ տեղի արդյունքը շատ լավ է: Այս արդյունքին ավելի ճիշտ գնահատական կտա հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ես որպես երիտասարդների մարզիչ, բարձր եմ գնահատում այս արդյունքը: Երեխաները յուրաքանչյուրը 6 գործիք է արել, 6-ն էլ  մաքուր, առանց ընկնելու, իրենց հնարավորությունների չափով մասնակցեցին:

Եզրափակիչում սպասելիքներ ունենք նժույգ թափերում Համլետ Մանուկյանից, Մամիկոն Խաչատրյանից: Համլետից սպասում եմ նաեւ արդյունք օղակներում: Նա կարող է լինել լավագույն եռյակում: Օղակներում Էրիկ Բաղդասարյանն 8-րդ տեղով է դուրս եկել եզրափակիչ, բայց եթե սպորտային բախտը նրան ժպտա, ունի հնարավորություն եռյակում լինելու:

Առաջին անգամ եմ թիմ ներկայացնում Եվրոպայի առաջնությանը: Ինձ համար էլ, որպես մարզիչ, առաջին փորձն է: Շատ ոգեւորված եմ, մի փոքր էլ լարվածություն կա: Ինձ համար առաջնային խնդիրն այն էր, որ երեխաները վնասվածքներ չստանային: Այս հաջողությունները բոլորինս է, մեր թիմինը: Շատ կուզեմ, որ մեր երեք տղաներն էլ մեդալներով վերադառնան հայրենիք»,- ասաց Արտակ Այդինյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 եզրափակիչի մասնակից ունի. զուգափայտեր՝ Էրիկ Բաղդասարյան, նժույգ թափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան:

Երիտասարդների եզրափակիչները տեղի կունենա օգոստոսի 21-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 11:45-ից: Երեկոյան մրցահերթում մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ մեդալների համար պայքարի դուրս կգան մեծահասակները՝ Արթուր Դավթյանը (հենացատկ, նժույգ թափեր), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը (օղակներ):

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։