Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 3 մարմնամարզիկ եզրափակիչում է

23:52   19 օգոստոսի, 2022

Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսի 19-ին տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Էրիկ Բաղդասարյանը հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը: Արտակ Այդինյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր անդամները մասնակցեցին բազմամարտին: Էրիկ Բաղդասարյանը 13.666 միավորով 8-րդ տեղով դուրս է եկել զուգափայտի եզրափակիչ:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը: Համլետ Մանուկյանը 13.800 միավորով երկրորդ տեղով է երզափակիչում, Մամիկոն Խաչատրյանը՝ 13.666 միավորով երրորդն է:

Օղակների վարժության եզրափակիչում եւս երկու մասնակից կունենա Հայաստանը: Համլետ Մանուկյանը 13.233 միավորով 5-րդն է, Էրիկ Բաղդասարյանը 13.066 միավորով 8-րդն է:

Հայաստանի երիտասարդական հավաքականը երեք մասնակցով թիմային հաշվարկում 12-րդն է: Ընդհանուր հաշվարկում Արտակ Այդինյանի գլխավորած թիմը վաստակել է 229.527 միավոր:

Երիտասարդների բազմամարտի չեմպիոն է դարձել Հունգարիայի ներկայացուցիչ Նոթոնդ Մոլնառը 79.964 միրավորով: Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Իտալիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդը՝ Մեծ Բրիտանիան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։