Հակոբ Սերոբյանը՝ Մյունխենից․ Սպասում եմ այսպիսի լավ մրցելույթներ նաեւ եզրափակիչում

09:44   19 օգոստոսի, 2022

Որակավորման փուլի արդյունքներից շատ գոհ եմ: Արթուր Դավթյանն իր մրցակիցներից բոլորից մի գլուխ բարձր է: Սպասում եմ այսպիսի լավ մրցելույթներ նաեւ եզրափակիչում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 18-ին անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի 5 մասնակիցներից 4-ը բարձր արդյունքներով դուրս են եկել եզրափակիչ: Որակավորման փուլի արգելքը չհաղթահարեց միայն Գագիկ Խաչիկյանը:

«Եզրափակիչ դուրս եկած չորս մարմնամարզիկներն էլ ցույց տվեցին իրենց լավագույն արդյունքները: Արթուր Դավթյանը հենացատկում գերազանցեց ինքն իրեն: Արդյունքից էլ երեւաց միանգամից: Ափսոսում եմ միայն Գագիկ Խաչիկյանի համար: Այս Եվրոպայի առաջնությունում մեր թիմը շատ պատրաստված է եկել, այդ թվում՝ Գագիկ Խաչիկյանը, նաեւ երիտասարդները, որոնք օգոստոսի 19-ին են մեկնարկելու: Երբեւէ այսպես պատրաստ չէինք եղել: Այս անգամ հավաքը այլ կարգով անցկացրինք: Եթե նախկինում վերջին մարզումային օրը բոլորը գալիս, հերթով հանձնում էին վարժությունը գնում էին, այս անգամ մեխանիզմը փոխել էի: Պատահական կանչում էի յուրաքանչյուրին՝ քնած կլիներ, թե արթուն, ասում էի՝ արա: Վերջին օրն ասացի՝ արեք այն, ինչ անում եք:

Գոհ եմ: Ամեն ինչ արել էինք: Տղաներն էլ դուրս եկան եւ կատարեցին իրենց լավագույնը:

Գագիկ Խաչիկյանը բազմամարտում էր մասնակցում, 6 գործիք կատարեց, բոլորը շատ լավ արեց, միայն իր հիմնական գործիքից՝ նժույգ թափերից ընկավ: Թե ինչ կատարվեց նրա հետ, հանելուկ մնաց ինձ համար: Հենց այնպես գործիքի վրայից իջավ:

Թբիլիսիում թիմին ամեն ձեւի փորձել եմ: Առանց փորձի, միամիտ, կանչում, ասում էի՝ արեք: Փորձել ենք նաեւ սպասեցնել, սառեցնել, ինչպես լինում է մրցման ժամանակ, երբ երկար սպասում են իրենց հերթին: Մրցավայրում ստացվում է այնպես, որ հնարավոր է միանգամից կանչեն մասնակցին, չհասցնի նախավարժանք անել, դա էլ ենք փորձել: Գագիկ Խաչիկյանը բոլորի պես գալիս եւ ցանկացած իրավիճակում մաքուր կատարում էր իր վարժությունը: Այստեղ ինչու ընկավ, հանելուկ է: Եթե չիջներ գործիքի վրայից, 14.700 միավոր կվաստակեր, որը առաջին տեղի արդյունք էր: Իջավ, հետո նորից բարձրացավ մաքուր ավարտեց, բայց արդեն 13.700 վաստակեց:

Շատ ուրախ եմ, որ 5 մասնակցով ենք ներկայացել եւ ունենք 5 եզրափակիչի մասնակից՝ Արթուր Դավթյան՝ հենացատկ, նժույգ թափեր, Հարություն Մերդինյան՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյան եւ Արթուր Ավետիսյան՝ օղակներ:

Արթուր Դավթյանը նժույգ թափերում Հարություն Մերդինյանին թաքնված օգնություն ցույց տվեց: Դավթյանը 8-րդ տեղով մտավ եզրափակիչ: 9-րդ տեղում պահեստայինում աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, իռլանդացի Ռիս Քլինագանն է: Նա եւս 14.200 միավոր վաստակեց, բայց Արթուրից հետ ընկավ, քանի որ վարժությունը մի փոքր խառնեց: Եթե հանկարծ Քլինագանը մտներ եզրափակիչ, նա շատ լուրջ մրցակից կլիներ Հարություն Մերդինյանի համար, առաջին տեղի հիմնական հավակնորդներից կլիներ: Արթուրն այսպես ասած օգնեց Մերդինյանին՝ դուրս թողնելով աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնին:

Արթուրն իր մրցակիցների մեջ բոլորից մի գլուխ բարձր է: Ուզում եմ, որ մեր հավաքականում բոլորն Արթուրի պես լինեն՝ մի գլուխ բարձր իրենց մրցակիցներից, որպեսզի մրցավարները ոչ մի դեպքում ոչինչ չկարողանան անել:

Հարություն Մերդինյանը շատ լավ մասնակցեց: 39 տարեկանում զարմանալի է, որ նա այսպես կատարում է:

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը եւս գերազանց հանդես եկան: Բոլորից շատ գոհ եմ: Սպասում եմ այպիսի լավագույն արդյունքներ եզրափակիչում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 21-ին:

Օգոստոսի 19-ին Մյունխենում կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ կմասնակցի թիմային պայքարում: Թիմի կազմում են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Էրիկ Բաղդասարյանը: Երեքն էլ մասնակցելու են բազմամարտին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։