«Փյունիկի» սերբ նորեկը

14:17   13 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։

Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:

Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել 2010-2011-ի Չեմպիոնների լիգայի, 2012-2013-ի Եվրոպայի լիգայի և 2021-2022-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերում։

Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 51 խաղ, նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։

Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։

2019-2020-ի մրցաշրջանում փորձառու պաշտպանը խաղացել է Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։

Միլկովիչի նախորդ թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա Սերբիայի Սուպերլիգայի անցած մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման, սերբական թիմի հետ նաև հասել է Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։