Կազեմիրո․ «Ռեալում» չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ

11:40   11 օգոստոսի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի Սուպերգավաթի խաղում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած խաղում 2:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» նկատմամբ՝ 5-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը։

«Մեկնարկային կազմի հետ կապված կարող եմ ասել, որ «Ռեալում» չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ։ Մարզիչը խենթ չէ եւ միշտ մեկնարկային կազմում ընդգրկում է լավագույններին։

Հիմա ես զգում եմ նույն ուրախությունն ու հպարտությունը, ինչ զգացել եմ «Ռեալի» հետ առաջին տիտղոսը նվաճելուց հետո։ Ամեն տիտղոսը ծանր աշխատանքի, առավելագույն կենտրոնացման եւ հոգեբանական տրամադրվածության արդյունք է։

«Ռեալը» պարտավոր է ձգտել հաղթանակների բոլոր մրցաշարերում։ Այս թիմն ապրում է հաղթանակներով։ Մենք շատ մոտիվացված ենք»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 14-ին՝ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում հյուրընկալվելով «Ալմերիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։