Արման Փաշիկյան․ Թիմը շատ լավ է մասնակցել, այս տարի մրցակցությունը շատ մեծ էր

17:52   10 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի ավագ եւ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը հայրենիք վերադառնալուց հետո մեկնաբանել է մասնակցությունը։

«Թիմը շատ լավ է մասնակցել։ Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավորով թիմը գրավի երկրորդ տեղ։ Այս տարի մրցակցությունը շատ մեծ էր։ Երեք թիմերի միջեւ էր ընթանում պայքարը։ Նույնիսկ, շատ ուրախություն էլ չապրեցինք, քանի որ լարվածությունից ափսոսանք ապրեցինք, որ չեմպիոն չդարձանք։

Ադրբեջանի հետ մրցախաղերում, բնականաբար, լարվածությունը ավելի շատ է լինում, բայց սկզբնախաղերից հետո դիրքերը բարենպաստ էին եւ մրցախաղի սկզբից 20 րոպե հետո արդեն պարզ էր, որ, հավանաբար, կհաղթենք։

Գաբրիել Սարգսյանը հզոր խաղ ցուցադրեց, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ շատ լավ հանդես եկավ, շատ միավորներ բերեց»,- նշեց Արման Փաշիկյանը։

Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ եւ առանց նախկին առաջատար Լեւոն Արոնյանի, որը տեղափոխվել է ԱՄՆ-ի հավաքական։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝  Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։