Տիգրան Հարությունյան․ Այս պարտությունից հետո պետք չէ ընկճվել, դեռ տիտղոսի հնարավորություն կա

20:40   7 օգոստոսի, 2022

Մեր  շախմատիստները բոլորն իրենց ուժից ավելի են խաղում: Այս պարտությունից հետո պետք չէ չընկճվել: Դեռ տիտղոսի հնարավորություն կա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային մրցաշարերի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը՝ մեկնաբանելով ազգային հավաքականի մրցելույթները Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով։

«Օլիմպիադան առաջին անգամ առանց Լեւոն Արոնյանի սպասվածից շատ ավելի լավ է ընթանում մեզ համար: Ցավալի պարտություն կրեցինք այսօր, բայց սա դեռ վերջը չէ եւ երկու տուր էլ առջեւում կա: Մինչեւ այսօր առաջին տեղում էինք ընթանում, շատ ուժեղ շախմատիստների ենք հաղթել, անհատական պայքարում եւս փայլել ենք, ինչպես օրինակ՝ Գաբրիել Սարգսյանն ընդդեմ Ֆաբիանո Կարուանայի, շատ ուժեղ Հնդկաստանի առաջին թիմին ենք հաղթել:

Ափսոսում եմ, որ այսօր պարտվեցինք ուզբեկներին: Նշեմ, որ Ուզբեկստանի հավաքականը եւս շատ ուժեղ է եւ բավական երիտասարդ կազմ ունի: Նրանց  միջին տարիքը 18 է: Վերջին տարիներին նրանց պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում շախմատին եւ մեծ ուշադրություն կա մարզաձեւի նկատմամբ:

1:3 պարտվեցինք, բայց Սամվել Տեր- Սահակյանը կարող էր չպարտվել: Գուցե, այդ ընթացքում նա թիմի վիճակը տեսավ եւ դա իր ազդեցությունն ունեցավ: Մրցակիցը կրկնում էր քայլերը, կարող էր նաեւ ոչ ոքի ավարտել:

Արդեն 9-րդ տուրն էր, գերհոգնածությունը, լարվածությունը մի կողմից. որքան մրցաշարը մոտենում է ավարտին, այնքան լարվածությունը մեծանում է: Այս ընթացքում քանի որ միշտ առաջին տեղով էինք ընթանում, լարվածությունը՝ պարզ է, որ պետք է իր դերն ունենար: Ամեն դեպքում, ոսկու ակնկալիք կա: Վստահաբար լավագույն եռյակում ենք լինելու։ Ոսկե մեդալի հնարավորություն ունենք՝ եթե երկու հաղթանակ գրանցենք, ուզբեկները երկու խաղից մեկում էլ վրիպեն, մենք միավորներով անհատական ցուցանիշներով կարող ենք ոսկե մեդալ նվաճել:

Ընդհանուր պատկերը շատ լավ է: Սկսել ենք վարկանիշային 12-րդ համարից, բայց մինչ օրս առաջին տեղով ենք գնացել: Այս պահին միայն մեկ միավորով ենք զիջում առաջատարին: Ամեն ինչ կարող է լինել շախմատում:

Տղաները բոլորը զարմացնում են իրենց խաղերով: Մեր հավաքականը միշտ լավ է հանդես եկել, բայց անսպասելի էր, որ Օլիմպիադայում առաջին անգամ առանց Լեւոն Արոնյանի այսպիսի խաղ կցուցադրի եւ առաջին տեղով կգնա: Նույն ԱՄՆ-ի հավաքականը գործակիցներով մեզանից շատ առաջ է եւ այս մրցաշարի միակ ֆավորիտն էր համարվում, այս պահին մենք նրանցից առաջ ենք, ինչը շատ լուրջ քայլ է: Մեր  շախմատիստները բոլորն իրենց ուժից ավելի են խաղում: Եթե այսօր չպարտվեինք, շատ լուրջ հայտ կներկայացնենք առաջին տեղի համար:

Ես, անկեղծ, ոսկու ակնկալիք ունեմ: Թիմային ոգին, մեր տղաների պարտիաները, խաղերը ոսկու հույս են տալիս: Այս պարտությունից հետո պետք չէ ընկճվել: Դեռ ոսկու հնարավորություն կա: Մեր տղաները պրոֆեսիոնալներ են, եւ բոլորս աջակցում ենք նրանց: Սա այն թիմն է, որը միանշանակ հավակնում է ոսկու:

Կանանց հավաքականը եւս շատ լավ է հանդես գալիս: Մինչեւ Վրաստանի թիմին հանդիպելը շատ լավ պարտիաներ էին խաղում աղջիկները: Մի պահ նույնիսկ առաջատարի խմբում էին: Ամեն դեպքում մեր աղջիկները հրաշալի են մասնակցում»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։