Եղիշե Մելիքյան․ Ավելի լուրջ ենք տրամադրված, շատ լավ պատրաստված եկել ենք հաղթանակի հետեւից

09:02   26 հուլիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դյուդելանժը»։ Եղիշե Մելիքյանը որակազրկման պատճառով հանդիպմանը հետեւել էր տրիբունայից։

«Սեփական խաղադաշտում մենք անհաջող ենք հանդես եկել։ Մենք տխուր ենք եղել, եւ ես գտնվել եմ տրիբունայում մեր երկրպագուների հետ։ Զգացել եմ, որ տխրեցրել ենք մեր երկրպագուներին։ Իմ վրա դա շատ է ազդել։

Ավելի լուրջ ենք տրամադրված։ Մենք իրավունք չունենք հիասթափեցնել մեր ժողովրդին, մեր երկրպագուներին։ Մենք շատ լավ պատրաստված եկել ենք հաղթանակի հետեւից։ Ավելի լավ ենք ճանաչում մրցակցին։ Գիտենք՝ ինչպես պետք է խաղանք։ Ունենք երեք ծրագիր։ Հույս ունենք, որ կհասնենք հաղթանակի։

Տեսանք, որ մրցակիցը խնդիրներ ստեղծեց, մենք էլ մրցակցի համար ստեղծեցինք խնդիրներ։ Տնային խաղում հաջողությունը մրցակցի կողմն էր։ Հույս ունենք, որ պատասխան խաղում հաջողությունը մեր կողմը կլինի։

Մոտիվացիայի խնդիր չունենք։ Ասել եմ խաղացողներին, որ միայն հաղթանակով պետք է վերադառնանք։ Մենք պարտավոր ենք գոլ խփել, եւ մենք դա կանենք պատասխան խաղում։

Մենք թիմ ենք, որն ունի բնավորություն, իսկ բնավորությունը միշտ հաղթում է խնդիրներին։ Անհամբեր սպասում ենք խաղին»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

«Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։