Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի հիմնած 12 ROUNDS ակումբը 2 տարեկան է (ֆոտո, վիդեո)

21:12   23 հուլիսի, 2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամներ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի հիմնած 12 ROUNDS բռնցքամարտի ակումբը 2 տարեկան է: Երեւանի Խորենացի 47/7 հասցեում գործող մարզադահլիճն ունի շուրջ 70 սան: 2 տարվա գործունեության ընթացքում ակումբի սաները նվաճել են բռնցքամարտի Հայաստանի առաջնության երկուական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանն անձամբ են ակումբի մարզումներն անցկացնում նաեւ իրենք մարզվում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտերից առաջ: Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի հետ ակումբի մարզիչներից է նաեւ նախկին բռնցքամարտիկ, մանկավարժ Արգիշտ Թամոյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւել է 12 ROUNDS ակումբի մարզումային օրերից մեկին, նաեւ ծանոթացել բարեկարգված մարզադահլիճին եւ բռնցքամարտով զբաղվողների համար ստեղծված պայմաններին:

12 ROUNDS ակումբում մարզումներն անցնում են շաբաթվա բոլոր օրերին տարբեր տարիքային խմբերով, անհատական եւ խմբակային տարբերակներով: Երեկոյան ժամերին հիմնականում մարզվում են մեծահասակները, մեծ է նաեւ աղջիկների հոսքը: Ինչպես նշում են մարզիչ-բռնցքամարտիկները, 12 ROUNDS ակումբը սիրված է աղջիկների կողմից, քանի որ բոլոր պայմանները ստեղծված են սիրված մարզաձեւով զբաղվելու համար:

WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Գոռ Երիցյանի նշում է, որ ընդամենը 2 տարի գործող ակումբն արդեն ցանկալի արդյունքներ է գրանցում:

 «Ակումբը հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 11-ին իմ եւ Նարեկ Աբգարյանի կողմից: Սկզբում նախաձեռնությունը զուտ սպորտային էր: Այդ ժամանակ կորոնավիրուսի շրջանն էր, մրցումներ, մենամարտեր չկար, չէինք մարզվում: Որոշեցինք մեր հնարավորությունների չափով ներդրում ունենալ Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը եւ ստեղծել մի ակումբ, որը մարզումային տեխնիկայով կտարբերվի գործող մյուս ակումբներից: Հետագայում նախաձեռնությունը դարձավ նաեւ բիզնես, քանի որ հասկացանք՝ շատերն են սիրում բռնցքամարտը, բայց ոչ բոլորն են ցանկանում պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Սկզբում դահլիճը վերանորոգել էինք միայն մարզիկների համար, բայց այս տարի ընդլայնեցինք մեր պայմանները եւ այժմ այստեղ բռնցքամարտով կարող են զբաղվել ոչ միայն մարզիկները, այլեւ բոլոր ցանկացողները:

Մեզ շատ են ուրախացնում մեր մարզիկների արդյունքները: 12 ROUNDS ակումբն արդեն ունի Հայաստանի փոխչեմպիոններ եւ բրոնզե մեդալակիրներ: Այստեղ են պարբերաբար մարզվում Հայաստանի հավաքականի անդամները, սփարինգներ ենք անցկացնում մրցաշարերից առաջ: Դեռ Հայաստանի չեմպիոններ չունենք, բայց հուսանք հաջորդ տարի ավելի բարձր արդյունքներ կունենանք: Ունենք շատ տաղանդավոր եւ հեռանկարային երեխաներ, որոնք տարիներ հետո, վստահ, մեծ նվաճումների կհասնեն»,- ասաց Գոռ Երիցյանը:

WBC վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող Նարեկ Աբգարյանի խոսքով, 12 ROUNDS ակումբի հիմնադրման նպատակը եղել է Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը նպաստելը:

«Ակումբն իրոք արդարացրել է բոլոր սպասելիքները, գոհ ենք մեր մարզիկների արդյունքներից, քանի որ երկու տարվա մեջ արդեն ունենք Հայաստանի 4 մեդալ: Տղաներն իրենց արդարացնում են, նաեւ գոհացնում են սիրողական մարզվողները, քանի որ սիրով են հաճախում եւ դառնում մեր ակումբի անդամ: Ինչպես նախկինում նշել էի, մեր ակումբում մարզումային տեխնիկան տարբեր է մյուս մարզադահլիճներից: Այստեղ մարզումների մոտեցումն այլ է, ավելի մոտ է ամերիկյան բռնցքամարտին: Ես եւ Գոռը մի քանի տարի մարզվել ենք ԱՄՆ-ում եւ այնտեղի փորձը տեղախոփել ենք մեր մարզադահլիճ: Մեր ակումբում սովետական ոչինչ չկա, մեր սաներն այստեղ բացի մարզվելուց նաեւ լավ ժամանակ են անցկացնում, լիցքաթափվում. այն, ինչ մենք ցանկացել ենք ներդնել 12 ROUNDS  ակումբում»,- նշեց Նարեկ Աբգարյանը:

30-ամյա բռնցքամարտիկը Հայաստանի հավաքականի նախկին անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից: Սիրողական բռնցքամարտից հեռացել է Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո:

«Հայկական բռնցքամարտը մեծ զարգացում է ապրում: Ուրախանում եմ իմ թիմակիցների, նաեւ երիտասարդ սերնդի հաջողություններով: Հետեւեցի, նաեւ Գոռի հետ մեկնաբանեցինք Երեւանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեր հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ շատ լավ արդյունքներ ցույց տվեց: Կարեն Աղամալյանը եղել է իմ անձնական մարզիչը եւ, պատահական չի, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականն այսօր առաջ է սլանում, ինչպես միշտ: Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է եղել, երիտասարդ թիմ է: Այս տղաների մեջ ես տեսնում եմ օլիմպիական չեմպիոնների: Ի դեպ, ֆեդերացիայից առաջարկ ստացա վերադառնալ հավաքական, բայց հրաժարվել եմ եւ չեմ փոշմանում դրա համար, քանի որ ես արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ: Սիրողականում ճանապարհը երիտասարդներինն է, որոնք դեռ մեծ նվաճումների կհասնեն Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

Նաեւ ուզում եմ նշել, որ 12 ROUNDS ակումբի դռները բաց են հավաքականի բոլոր անդամների համար: Մենք պատրաստական ենք օգնել հավաքականին, նաեւ անդամներին մարզումներով, սփարինգներով, մարզադահլիճը տրամադրել մարզման համար»,- մանրամասնեց Նարեկ Աբգարյանը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, բացի ակումբի աշխատանքներից, պատրաստվում են նաեւ հերթական մենամարտերին: Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային։ Նախապատրաստական փուլը կանցնեն ԱՄՆ-ում:

«Շուտով հերթական մենամարտս կանցկացնեմ: Այս պահին քննարկվում է նոր պրոոմոութերական ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցը: Դեռ շատ չեմ մանրամասնի: Հոկտեմբերին կմեկնենք ԱՄՆ, մարզումներ կանենք, այդ ընթացքում նաեւ պարզ կլինի հաջորդ մենամարտիս մանրամասները: Ըստ նախնական տվյլաների, նոյեմբերին կունենամ մենամարտ»,- ասաց Նարեկ Աբգարյանը:

Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2017 թվականից եւ արդեն անցկացրել է 14 մենամարտ՝ առանց պարտության:

«Վնասվածքի պատճառով մեկ տարի մենամարտ չեմ անցկացրել: Արմունկի կոտրվածք ունեի: Արդեն ապաքինվել եմ եւ պատրաստվում եմ առաջիկա մենամարտիս, որը հնարավոր է լինի նոյեմբերին: Բացի այդ, թղթաբանության հետ կապված խնդիր ունեինք ես եւ Նաերկը, բայց արդեն այդ խնդիրն էլ է կարգավորվել: Շուտով կմեկնենք ԱՄՆ, որտեղ մարզումային փուլ կանցնենք եւ կպատրաստվենք հերթական մենամարտերին: Մի քանի առաջարկ ունեմ, հնարավոր է պայմանագիր կնքեմ կանադական պրոմոութերական ընկերության հետ եւ որոշ ժամանակ մենամարտեմ Կանադայում: Ամեն ինչ պարզ կլինի ԱՄՆ մեկնելուց հետո»,- նշեց Գոռ Երիցյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։