Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը դեռ պետք է պայքարեն հավաքականի 2 տեղի համար

15:04   14 հուլիսի, 2022

Հայաստանի  ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանրքաշային Գոռ Մինասյանի ՝  Բահրեյնի հավաքականից հանդես գալու թեմային, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը (armnoc.am)։

«Սիրելի՛ մարզասերներ, մարզաշխարհը լուսաբանող հարգելի՛ լրատվամիջոցներ,

Հարկ ենք համարում պարզաբանել Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կապված վերջին տեղեկատվությունը:

Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:

Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:

Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:

Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու Ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը»:

Հուլիսի 13-ին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հաղորդել էր, որ Գոռ Մինասյանը ներկայացնելու է Բահրեյնը։

67678.png (1.31 MB)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.