«Ինտերը» ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո, վիդեո)

13:43   2 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ։

Միլանյան ակումբը ներկայացրել է 33-ամյա ֆուտբոլիստին՝ հիշատակելով ակումբում հայկական ժառանգությունը, որը «Ինտերում» սկսվել է Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆից։ Մխիթարյանը Հայաստանի առաջին ներկայացուցիչն է միլանյան ակումբի պատմության մեջ։

«Ուրախ եմ սկսել նոր փուլ իմ կարիերայում։ Շատ ուրախ եմ այսպիսի մեծագույն ակումբի միանալու առթիվ։ Կանեմ իմ առավելագույնը եւ կձգտեմ օգնել թիմին հասնել բոլոր նպատակներին: Բառերը չեն կարող նկարագրել, թե ինչքան հպարտ եմ ես հիմա։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- սոցիալական ցանցերում գրել է Մխիթարյանը։

Ավելի վաղ նշվել էր, որ Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի»  նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս, տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հենրիխ Մխիթարյանը ակումբային կարիերայում հանդես է եկել Երեւանի «Փյունիկում» (2006-2009), ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում» (2009-2010), «Շախտյոր Դոնեցկում» (2010-2013), գերմանական «Բորուսիա Դորտմունդում» (2013-2016), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» (2016-2018) եւ «Արսենալում» (2018-2019)։ «Ռոմայում» խաղում էր 2020-ից՝ 116 խաղում խփելով 29 գոլ։

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։