Կրամնիկ․ Կարծում եմ՝ Կարլսենը կհրաժարվի մրցել Նեպոմնյաշչու հետ

22:50   30 հունիսի, 2022

Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը կասկածում է, որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կցանկանա երկրորդ անգամ տիտղոսը վիճարկել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, որը հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատարն է ավարտից երեք տուր առաջ։

«Գործնականում Նեպոմնյաշչուն հասնել արդեն հնարավոր չէ։ Բայց կարծում եմ՝ Կարլսենը կհրաժարվի նրա հետ մրցամարտից։ Կարուանայի կամ Նակամուրայի հետ կխաղար, այնտեղ մեծ գումարներ կան։ Քաղաքական իրավիճակն էլ չի նպաստում։  

Հավակնորդների մրցաշարի խաղամակարդակն այնքան ցածր է, որ սովորական խաղով կարելի է +5 ցույց տալ։ Զարմանալի է»,- ասել է Կրամնիկը Levitov Chess-ին։

2021թ․ դեկտեմբերին Դուբայում անցկացված չեմպիոնական մրցամարտում Կարլսենը Նեպոմնյաշչուն հաղթել էր 7,5։3,5 հաշվով։ 2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Կարլսենը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը։

Կրամնիկը աշխարհի չեմպիոն էր հռչակվել 2000 թվականին՝ հաղթելով Գարի Կասպարովին եւ տիտղոսակիրն էր մինչեւ 2007 թվականը: Ռուսաստանի հավաքականի կազմում Կրամնիկը դարձել է Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոն: 47-ամյա գրոսմայստերը 2019-ին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։