Մարկոս Պիզելի․ Կարոտել էի խաղադաշտը, Հայաստանը (ֆոտո)

00:25   17 հունիսի, 2022

Շատ լավ խաղ ստացվեց: Կարոտել էի խաղադաշտը, Հայաստանը: Ափսոս, որ արդեն շատ եմ մեծացել եւ չեմ կարող նախկինի պես խաղալ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Մարկոս Պիզելին, որը հունիսի 16-ին Հայաստանի լեգենդների հավաքականի կազմում մասնակցեց հրաժեշտի խաղին:

ՀՖՖ 30-ամյակի կապակցության անցկացվող միջոցառումների շրջանակում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած լեգենդների հրաժեշտի խաղում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:

Մարկոս Պիզելին դարձավ Հայաստանի երրորդ գոլի հեղինակը: Հանդիպման 43-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցման շնորհին Պիզելին գրավեց Վրաստանի դարպասը: Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը, որպես շնորհակալություն, գոլային փոխանցման համար համբուրեց Մովսիսյանի խաղակոշիկը:

«Հաճելի էր նորից խաղալ այստեղ: Ափսոս շատ եմ մեծացել եւ չեմ կարող նորիս սկսել ֆուտբոլ խաղալ: Ֆուտբոլից հեռացել եմ: Այս շրջանում ժամանակս հիմնականում անցկացնում եմ ընտանիքիս հետ: Վերջերս զույգ աղջիկ ունեցա: Երեւի կլինեմ ֆուտբոլում: Հիմա ՈՒԵՖԱ-ի ծրագրի եմ մասնակցում, սովորում եմ: Ավարտելուց հետո կվերադառնամ ֆուտբոլ եւ կաշխատեմ որպես ադմինիստրատոր, բայց չեմ որոշել՝ որտեղ, Բրազիլիզայում, թե Հայաստանում: Ամենայն հավանականությամբ այստեղ կաշխատեմ, որովհետեւ շատ եմ սիրում եւ հարգում Հայաստանը, ինձ համար այս երկիրը շատ մեծ բան է արել: Խոստանում եմ հաճախակի գալ Հայաստան:

Հետեւում եմ մեր հավաքականի մրցելույթներին: Ինձ շատ է դուր գալիս այն կազմը, որը հիմա ունենք: Դեռ շատ երիտասարդ են ֆուտբոլիստները, երիտասարդ կազմ է: Լավ է, որ գլխավոր մարզիչը շատ նոր խաղացողների է հրավիրել: Շատ լավ կարծիք ունեմ այս հավաքականի մասին: Կարծում եմ՝ հաջորդ տարի ավելի լավ կխաղան: Լավ մարզիչ ունենք, նոր կազմ է, ուղղակի պետք է մի քիչ համբերել եւ լավ արդյունքներ կունենանք»,- ասաց Մարկոս Պիզելին:

Հայաստան-  Վրաստան լեգենդների խաղից հետո խառը գոտին վերածվել էր իսկական «կարմիր» գոտու: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներին տեսնելու էին եկել մեծ թվով երկրպագուներ: Հավաքված երկրպագուները խառը գոտով անցնող յուրաքանչյուր ֆուտբոլիստի ծափահարություններով եւ մեծ ցնծությամբ էին դիմավորում, բղավում, կանչում իրենց մոտ: Բոլորը ցանկանում էին սիրված ֆուտբոլիստների հետ լուսանկարվել, նրանցից ստանալ մարզաշապիկներ, ինքնագրեր: Ֆուտբոլիստներին տեղափոխող միկրոավտոբուսը ստիպված եղավ նախատեսվածից ավելի երկար սպասել, քանի որ երկրպագուները բաց չէին թողում հավաքականի նախկին անդամներին: Ֆուտբոլիստներն իրենց հերթին սիրով մոտենում էին յուրաքանչյուր երկրպագուի, լուսանկարվում, գրկախառնվում, ստորագրություններ բաժանում, իրենց վրայից պատահած իր նվիրում ցանկացողներին:

Յուրա Մովսիսյանը, որը որդու հետ ամենավերջինն անցավ խառը գոտով, տեսնելով հավաքված հոծ բազմությունը, ֆուտբոլիստներին տեղափոխող միկրոավտոբուսին խորհուրդ տվեց իրեն չսպասել: Այդպես Հայաստանի լեգենդների հավաքականը հեռացավ «Հանրապետականից»՝ Յուրա Մովսիսյանին թողնելով երկրպագուների հետ: Շուրջ մեկ ժամ Յուրա Մովսիսյանը առանձին-առանձին մոտեցավ բոլոր երկրպագուներին, ստորագրություններ բաժանեց եւ բոլորի հետ լուսանկարվեց եւ հետո նոր հեռացավ, երբ բոլորը հեռացան:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։