Յուրա Մովսիսյան․ Հայկական ֆուտբոլը հեղափոխական ուղու վրա է

21:22   15 հունիսի, 2022

Հայկական ֆուտբոլը հեղափոխական ուղու վրա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը, որը հունիսի 15-ին հայկական եւ համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հետ մասնակցեց Ծովագյուղում անցկացված խաղին:

«Նմանատիպ հանդիպումները մեծ ու առանձնակի կարեւորություն ունեն ֆուտբոլի եւ երեխաների համար: Բառերով չեմ կարող արտահայտել այս օրվա կարեւորության մասին: Այստեղ նայելով՝ կարող եմ ասել, որ հայկական ֆուտբոլը հեղափոխական ուղու վրա է: Տեսեք, թե ովքեր խաղացին այստեղ՝ աշխարհի չեմպիոններ եւ համաշխարհային ֆուտբոլի աստղեր»,- ասաց Յուրա Մովսիսյանը:

ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցած լեգենդների խաղն ավարտվեց 8:8 հաշվով, որին մասնակցում էր նաեւ Երեւանում գտնվող ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն:

ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ-ի համատեղ ծրագրով Ծովագյուղում բացվեց փոքր խաղադաշտ:

 Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում հունիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմասնակցի լեգենդների հրաժեշտի հանդիպանը: Հայաստան - Վրաստան հրաժեշտի խաղը կմեկնարկի 19:00-ին:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լեւոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը: Թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին։

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլ հայտնի խաղացողներ: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզիչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։