UFC մարտիկ Արմեն Պետրոսյան․ Մեծ պատվով եւ հպարտությամբ ներկայացնում եմ իմ հայրենիքը

09:09   13 հունիսի, 2022

Փոքր տարիքում հայրիկիս հետ միշտ հեռուստացույց էի դիտում, միասին հետեւում էինք հայ մարզիկների մրցելույթներին, եւ նա ինձ ասում էր, որ ես էլ մի օր պետք է ներկայացնեմ Հայաստանը, հաղթանակներ տոնեմ եւ պարզեմ Հայաստանի դրոշը: Այսօր մեծ պատվով եւ հպարտությամբ ներկայացնում եմ իմ հայրենիքը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց MMA մարտիկ, AMC Fight Nights չեմպիոն, թայբոքսինգի աշխարհի չեմպիոն Արմեն Պետրոսյանը (8-1-0):

31-ամյա հայ մարտիկը 2022 թվականի փետրվարի 26-ին նորամուտն է նշել UFC-ում՝ հաղթելով բրազիլացի Գրեգորի Ռոդրիգեսին: Այժմ պատրաստվում է իր երկրորդ մենամարտին, որը տեղի է ունենալու հուլիսի 10-ին ԱՄՆ-ում: Այդ առիթով Արմեն Պետրոսյանը հունիսի 11-ին Դաղստանից ժամանել էր Երեւան, որպեսզի այստեղից մեկնի ԱՄՆ՝ երկրորդ մենամարտի նախապատրաստական վերջին փուլն անցնելու համար:

NEWS.am Sport-ի հետ երեւանյան զրույցում Արմեն Պետրոսյանը խոսել է UFC տեղափոխվելու, նորամուտի մենամարտի, առաջիկայում սպասվող երկրորդ մենամարտի եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու կարեւորության մասին:

Արմեն, բարի վերադարձ Հայաստան: Ի՞նչ նպատակով ես ժամանել Հայաստան այս անգամ:

Շնորհակալ եմ: Ցավոք, այս անգամ հանգստանալու չեմ եկել, ինչպես սովորաբար անում եմ: Այս այցս պայմանավորված է Երեւանից ԱՄՆ մեկնելու նպատակով: Այսպես ասած՝ Երեւանը միջանկյալ քաղաք է այս անգամ: Մեկ օրով եմ այստեղ, բայց փորձում եմ հնարավորինս օգտվել առիթից, վայելել Երեւանը, հանդիպել ընկերներիս, հարազատներիս: Ինձ միշտ հաճելի է վերադառնալ Հայաստան: Մեկ ամսից ԱՄՆ-ի Նեւադա նահանգում անցկացնելու եմ երկրորդ մենամարտս UFC-ում: Մեկնում եմ՝ վերջին մարզումային փուլը մրցավայրում անցկացնելու, ժամային գոտուն եւ կլիմային հարմարվելու:

Նախքան սպասվելիք մենամարտիդ մասին խոսելը, վերհիշենք փետրվարին տեղի ունեցած նորամուտիդ մենամարտը, որը հաղթանակով նշեցիր: Ի՞նչ զգացողություններ են պահպանվել այդ մենամարտից:

Շատ վառ հիշողություններ ունեմ այդ մենամարտից: Հույզերս աննկարագրելի էին: Շատ տպավորիչ էր ամեն ինչ: Կազմակերպված էր հրաշալի: Դուրս եկանք ութանկյուն եւ անցկացրինք հրաշալի, դիտարժան մենամարտ: Մենք՝ իմ թիմով, արեցինք դա: Շատ կարեւոր էր առաջին մենամարտը հաղթանակով ավարտել եւ ինձ մոտ դա ստացվեց: Կլինեմ անկեղծ՝ ուրախ էի հաղթանակիս համար, բայց մի տեսակ ինքս գոհ չէի իմ անցկացրած մենամարտից: Ասես՝ մինչեւ վերջ չկռվեցի:

Ինչո՞ւ, որովհետեւ այս անգամ քեզ չէր հաջողվե՞լ նոկաուտի ենթարկել մրցակցիդ:

Երեւի նաեւ այդ պատճառով (ծիծաղում է): Շատ դիպուկ հարվածներ էի հասցնում մրցակցիս, բայց տեսնում էի, նաեւ զարմանում, թե ինչու մրցակիցս չի ընկնում այդ հարվածներից: Շատ հուժկու եւ ճշգրիտ հարվածներ էի կատարում, բայց մրցակիցս ոչ մի կերպ չէր հանձնվում, պինդ մարտիկ էր, ընդգծված բնավորություն էր ցուցադրում մենամարտի ժամանակ: Ինձ չէր հիասթափեցնում նրա պինդ լինելը եւ նոկաուտի չենթարկվել, բայց կնշեմ, որ ծանր մենամարտում մրցավարների որոշմամբ բացարձակ առավելությամբ հաղթանակը շնորհվեց ինձ:

Ինչպե՞ս ես քեզ զգում UFC-ում:

ММА-ում չեմպիոն լինել եւ հաղթել UFC-ում, շատ տարբեր բաներ են: Ինձ կհասկանան նրանք, ովքեր անցել են այս ճանապարհը: Այստեղ՝ UFC-ում, ամեն ինչ ուրիշ է: Կարծես՝ այլ  մի առանձին աշխարհում լինես UFC մարտիկի նկատմամբ վերաբերմունքից մինչեւ շոուների կազմակերպումն ու անցկացումը. ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Սա մի մեքենա է, որն անդադար աշխատում է, կատարելագործվում է եւ մարդիկ ապրում են այդ ամենով: Սա մի աշխարհ է, որտեղ բոլորն անում են այնպես, որ մարտիկը, դուրս գա ութանկյուն եւ միայն մտածի իր մենամարտը լավ անցկացնելու մասին, ոչ մի այլ խնդրի մասին չզբաղեցնի իրեն:  Բոլոր պայմանները քեզ տրամադրում են: UFC-ն աշխարհի լավագույն կազմակերպությունն է, այդ պատճառով էլ բոլորը ձգտում են հանդես գալ այստեղ, հասնել այդ մակարդակին, որպեսզի իրենց թույլ տան համարվել UFC մարտիկ:

Ե՞րբ հասկացար, որ պատրաստ ես UFC-ին:

Երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ: Երբեք ինձ այս հարցը չեն տվել (ծիծաղում է): Ես մեծ դպրոց եմ անցել մինչեւ այս կետին հասնելը: Երկար ժամանակ զբաղվել եմ թայբոքսինգով, բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել, շատ մենամարտեր եմ անցկացրել ММА-ում: Այս աշխարհի մարդը չի կարող երբեք ասել, թե երբ է գիտակցության այդ պահը, որ պատրաստ է հանդես գալ ամենաբարձր մակարդակի մրցաշարում: Այսօր հստակ կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ իմ պայքարը տանել UFC-ում: Իմ կյանքում ամեն ինչ ներդրել եմ այսօրվա համար, որպեսզի վստահ ինձ անվանեմ UFC մարտիկ: Ամեն օր աշխատում եմ ինձ վրա՝ ավելի լավը, ավելի ուժեղ դառնալու համար, մարզվում եմ Դաղստանում, աշխատում եմ իմ հարվածների տեխնիկայի վրա: Իրականում մարտիկը չպետք է ասի՝ ինքը պատրաստ է UFC-ին, թե ոչ, միայն մարզիչը կարող է ասել, բայց ներքուստ, իմ առաջին մենամարտից ես զգացել եմ, որ պատրաստ եմ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցին միացավ նաեւ Արմեն Պետրոսյանի մարզիչը, Ռուսաստանի եւ Դաղստանի լավագույն մարզիչներից Ռուսլան Մագոմեդալիեւը:

«Դու քո աշխատանքի դեռ միայն 15 տոկոսն ես արել, այդքանով ես պատրաստ UFC-ին: Քեզ դեռ երկար ճանապարհ եւ աշխատանք կա անցնելու եւ անելու, Արմեն»,- ժպտալով ասաց Ռուսլան Մագոմեդալիեւը:

UFC-ում երկրորդ մենամարտիդ մեկ ամիս ժամանակ է մնացել: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը: Ինչպե՞ս ես տրամադրված երկրորդ մենամարտիդ:

Մարզումները շատ լավ են ընթանում: Աստիճանաբար մոտենում ենք մարզավիճակի գագաթնակետին: Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի: Չունեմ վնասվածքներ: Ունեցել եմ լավ սփարինգներ: Այս պահին մնացել է վերջին մարզումային փուլը, որի համար էլ եկել եմ Հայաստան, որպեսզի այստեղից մեկնեմ ԱՄՆ: Այնտեղ էլ կաշխատեմ սփարինգների վրա: ԱՄՆ-ում ինձ հետ կաշխատի Արտյոմ Լեւինը, որը հայտնի մարզիչ է եւ իմ ընկերը. թայբոքսինգի աշխարհի բազմակի չեմպիոն է:

Արտյոմ Լեւինը թայբոքսինգում եղել է քո մրցակիցը: Ինչպե՞ս մրցակցից դարձավ քեզ համար մարզիչ:

Այո, երբ մենք Ռուսաստանի հավաքականի կազմում էիք, Լեւինի հետ բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի առաջնությունում: Այժմ աշխատում ենք միասին, երբ ես ԱՄՆ-ում եմ մարզվում, նա օգնում է ինձ մարզումների ընթացքում: Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Ռինգում «թշնամիներ» էինք, ռինգից դուրս՝ լավ ընկերներ:

Երկրորդ մենամարտում մրցակիցդ Բրազիլիան ներկայացնող Կայո Բորալյոն է (11-1-0): Ի՞նչ կասես նրա մասին:

Ուժեղ եւ պինդ մրցակից ունեմ: Նրա ուժեղ կողմն այն է, որ ոչ ստանդարտ մարտիկ է, ձախով է աշխատում, ձախլիկ է: Ամեն դեպքում՝ չկա ոչ մի առանձնահատկություն մրցակցիս մոտ, որն ինձ կանհանգստացնի: Ես գնում է հաղթանակի հետեւից: Ութանկյուն մտնելիս երբեք ոչնչի մասին չեմ մտածում, բացի հաղթանակից: Եթե ստացվի՝ նոկաուտով կհաղթեմ, եթե ոչ՝ միավորներով: Ամեն ինչ կանեմ՝ երկրորդ հաղթանակս գրանցելու համար:

Ի դեպ, խոսեցիր նոկաուտի մասին. ММА-ում հայտնի ես քո նոակուտներով. 8 մենամարտ, որից 7 հաղթանակ նոկաուտով եւ միայն մեկ պարտություն: Ինչպե՞ս է ստացվել այդպես:

Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց ստացվել է (ծիծաղում է): Ութանկյուն մտնելիս երբեք չեմ մտածում մրցակցիս նոկաուտի ենթարկելու մասին: Եթե շտապեմ  մտածել նոկաուտի մասին, չի լինի: Այդպես ստացվում է: Ոչինչ մտադրված չեմ անում: Միայն UFC-ի առաջին մենամարտում արդեն ուզում էի, որ բրազիլացին նոկաուտի ենթարկվի, սպասում էի դրան, որովհետեւ զարմացել էի, թե ինչպես է դիմանում իմ դիպուկ հարվածներին: Այդտեղ սպասեցի, մտածում էի նոկաուտի մասին եւ չստացվեց:

Դու ներկայացնում ես Հայաստանը: Ինչպե՞ս, ու՞մ խորհրդով որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո եւ ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Հայաստանը ներկայացնելը:

Իմ մանկության երազանքն է եղել մի օր ներկայացնել Հայաստանը: Նաեւ հայրս է միշտ ցանկացել, որ ես ներկայացնեմ իմ հայրենիքը: Մայրս ռուս է, հայրս՝ հայ: Տանը երբեք չենք խոսել հայերեն, ես էլ հայերեն գրեթե չեմ հասկանում, չեմ խոսում: Փոքր տարիքում հայրիկիս հետ միշտ հեռուստացույց էի դիտում, միասին հետեւում էինք հայ մարզիկների մրցելույթներին, եւ նա ինձ ասում էր, որ ես էլ մի օր պետք է ներկայացնեմ Հայաստանը, հաղթանակներ տոնեմ եւ պարզեմ մեր դրոշը: Ես հիմա դուրս եմ եկել այնպիսի մակարդակի, որ կարող եմ հպարտորեն ներկայացնել Հայաստանը, պարզել եռագույնը: Ես դա անում եմ մեծ պատվով ու հպարտությամբ: Բոլորը գիտեն, որ ես հայ եմ եւ ներկայացնում եմ Հայաստանը: UFC-ում այժմ օրենքներ են փոխվել, ըստ որոնց իրավունք չունես երկրի դրոշ ցուցադրել, բայց հաղթանակներից հետո ֆոտոսեսիա են անում եւ դու կարող ես ցուցադրել նաեւ քո դրոշը: Առաջին մենամարտիս ժամանակ ութանկյուն դուրս եկա «Արցախ» երաժշտության ներքո: Կարծում եմ՝ այս անգամ էլ դրանով կլինի մուտքս եւ այդքանով ամեն ինչ ասված կլինի, թե ով է ութանկյունում:

Ո՞րն է քո հաջողության գաղտնիքը:

Գաղտնիք, որպես այդպիսին, չկա: Ինձ համար կարեւորը հավատն է Աստծու եւ սեփական ուժերի նկատմամբ: Երբ հավատաս Աստծուն, սիրես քո ընտանիքը, հայրենիքը, ունենաս հպարտություն, թե ով ես դու եւ որտեղից ես գալիս, այս ամենին զուգահեռ՝ լինես աշխատասեր, ինքնաքննադատ, անկեղծ ինքդ քո հանդեպ եւ բոլորի հանդեպ, մի օր հաստատ կհասնես հաջողության:

Շնորհակալ եմ հետաքրքիր եւ անկեղծ զրույցի համար: Մաղթում եմ հաղթանակ առաջիկա մենամարտում, այս անգամ նոկաուտով:

Ես նույնպես շնորհակալ եմ: Կփորձենք:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։