Թինա Կարապետյանն ավարտեց մարզական կարիերան (ֆոտո)

18:22   9 հունիսի, 2022

Կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանը ավարտեց մարզական կարիերան։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամում արած գրառումով։

«20 տարի կյանքս սպորտին, մասնավորապես, սիրելի մարզաձեւին նվիրելուց հետո, ուրախ եմ հայտարարել, որ հեռանում եմ գեղասահքից: Ես միշտ ինձ ազատ եմ զգացել սահելիս, ասես սառույցն այն տեղն է, որին ես պատկանում եմ: Դա եղել է իմ տունը, որտեղ ես անցկացրել եմ իմ ամեն մի առավոտը:

Մարդիկ ինձ միշտ հարցնում էին, թե բարդ չէ ամեն անգամ բաց թողնել դասերը, այլ ծրագրեր հանուն սպորտի, որովհետեւ ես միշտ շուտ էի քնում՝ վաղ առավոտ սահադաշտ գնալու համար, հանգստյան օրերին տանն էի անցկացնում, որպեսզի վերականգնվեմ մարզումային շաբաթից առաջ:

Ես իմ հասակակիցների եւ դասարանցիների պես չէի մեկնում արձակուրդների կամ դասերի չէի հաճախում մրցումների պատճառով: Այս ամենին զուգահեռ, գեղասահքն ինձ այնքան հնարավորություններ եւ փորձ է տվել, որոնք այլ տեղ չէի կարող ստանալ: Ես հանդիպել եմ շատ զարմանալի մարդկանց, մարզիկների, կապեր եմ հաստատել մարզիչներիս հետ, ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ անելով այն, ինչ սիրում եմ, ստացել եմ հրաշալի երկրպագուների սերն ու  աջակցությունը, պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզում եւ իրավունք եմ ունեցել ինձ անվանել օլիմպիական:

Գեղասահքը լցրեց իմ կյանքն այնքան հրաշալի զգացողություններով, ինչի համար ես հավերժ երախտապարտ եմ: Ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ամբողջությամբ նվիրվել եմ գեղասահքին հաջողության հասնելու համար եւ իմ նվիրվածությունն ու սերը փոխադարձ վերադարձել է ինձ:

 Ես այնքան հպարտ եմ ինձանով. արյուն, քրտինք եւ արցունքներ եմ թափել, որպեսզի հասնեմ իմ նպատակներին եւ իրականացնեմ  երազանքս: Հպարտ եմ, որ երազանքս իրականացավ եւ ես մասնակցեցի Օլիմպիական խաղերի:

Օլիմպիական դառնալու բարդ ճանապարհն ինձ ինքնավստահություն տվեց եւ ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան ուժեղ եմ ես: Եվ հենց այդ պատճառով հանգիստ սրտով եւ խղճով եմ կայացրել գեղասահքից հեռանալու մասին որոշումս: Հայաստանում իմ թիմակիցներին մաղթում եմ մեծ հաջողություններ. նրանց ճանապարհը դեռ շարունակվում է:

Շնորհակալ եմ ծնողներիս եւ ամուսնուս. դուք իմ ամենամեծ աջակիցներն եք եղել առաջին օրվանից: Հուսով եմ՝ ես ձեզ հպարտանալու առիթներ պարգեւեցի:  Շնորհակալ եմ իմ բոլոր մարզիչներին, որոնք օգնեցին ինձ հասնել իմ նպատակներին եւ դառնալ այն մարդը, որը ես այսօր կամ: Դուք եղել եք ինձ համար ընտանիք սառույցի վրա: Շնորհակալություն Սիմոն Պրուք Սենեկալին՝ տարիների մեր բոլոր ձեռքբերումների եւ մեր երազանքն իրականություն դարձնելու համար. մենք արեցինք դա: Շատ շնորհակալ եմ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային, որը մեզ հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանը. ձեր աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ուներ։ Մեծ շնորհակալություն իմ բոլոր ընկերներին, ընտանիքին եւ երկրպագուներին այն սիրո եւ աջակցության համար, որ ստացել եմ այս տարիների ընթացքում. դուք ինձ համար աշխարհ եք»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Պեկինում անցկացված 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին պարային զույգերի պայքարում։

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտին անցկացված աշխարհի առաջնությունում նրանք գրավեցին 14-րդ տեղը:

View this post on Instagram

A post shared by Tina Garabedian, OLY (@tinagarabedian)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։