Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան. Շատ ուրախ եմ, բայց դեռ չեմ հասկանում, թե ինչ եմ արել

11:21   7 հունիսի, 2022

Շատ ուրախ եմ, բայց դեռ չեմ հասկանում, թե ինչ եմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը:

Նախորդ գիշեր Դավիթ Հովհաննիսյանը թիմակիցների հետ Ալբանիայից վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններին եւ մեդալակիրներին:

«Ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ: Շատ լավ պատրաստվել էի: Վնասվածքներ ունեի, բայց հաջողվեց մրցահարթակում հաղթահարել վնասվածքները, եւ այդ ամենը լավ պատրաստված լինելու շնորհիվ է: Շատ ուրախ եմ, բայց այս պահին առանձնապես զգացողություններ չունեմ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհասկանամ, թե ինչ եմ արել: Տարբերություն չկար, որ իմ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում էի իմ թիմակցի՝ Արա Աղանյանի հետ: Շատ ուրախ եմ, որ նա նույնպես մեդալ նվաճեց:

Դժվար հարց է ինձ համար, թե ում եմ նվիրում հաղթանակս: Թերեւս այս հարցին չեմ պատասխանի: Առաջիկայում կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը այս նույն՝ 96 կգ քաշային կարգում, հետագայում արդեն կմտածենք Օլիմպիական խաղերի մասին»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 377 կգ արդյունք (171+206):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։