23:58 3 հունիսի, 2022Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 96 կգ քաշային կարգում: Փոխչեմպիոն հռչակվեց այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը:
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206), Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205):
Արա Աղանյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 160 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հրեց 165 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 170 կգ: Երեք մոտեցումները հաջողությամբ կատարելուց հետո Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների փոխչեմպիոնը նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում մեկ կիլոգրամով գերազանցեց թիմակցին: Հովհաննիսյանն առաջին մոտեցմամբ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 171 կգ: 25-ամյա ծանրորդը ձախողեց երրորդ մոտեցումը, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 173 կգ: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում եւս շատ դիտարժան ստացվեց: Արա Աղանյանը հաջողությամբ հրեց առաջին մոտեցումը, որի համար պատվիրել էր 200 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 205 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրած 208 կգ-ը Աղանյանը ձախողեց, որով փորձում էր երկամարտում շրջանցել Դավիթ Հովհաննիսյանին:
Դավիթ Հովհաննիսյանն անհաջող սկսեց հրում վարժությունը եւ ձախողեց 202 կգ պատվերը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը մեկ կիլոգրամով ավելացրեց ծանրաձողի քաշը եւ Հովհաննիսյանը դժվարությամբ, բայց հրեց 203 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 206 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.