Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:48   1 հունիսի, 2022

Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

81 կգ քաշային կարգում բոլորին հետ թողեց Ռաֆայել Հարությունյանը: Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ-ով զբաղեցրեց չորրորդ տեղը:

Պոկում վարժությունում Ռաֆայել Հարությունյանը ձախողեց առաջին մոտեցումը, որի համար պատվիրել էին 155 կգ-ը: Երկրորդ մոտեցմամբ դժվարությամբ, բայց բարձրացրեց 155 կգ-ն: Երրորդ մոտեցման համար հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 160 կգ եւ Ռաֆիկ Հարությունյանը հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Այս վարժությունում Ռաֆայել Հարությունյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Կարեն Մարգարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 152 կգ, երկրորդ մոտեցմամբ ձախողեց 156 կգ-ը, երրորդ մոտեցումը եւս ձախողեց եւ այս վարժությունն ավարտեց 152 կգ-ով:

Հրում վարժությունը Ռաֆայել Հարությունյանը պայքարը սկսեց  187կգ-ով: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 194 կգ, որը հրելու դեպքում Ռաֆայել Հարությունյանը դառնում է Եվրոպայի չեմպիոն եւ Հայաստանի հավաքականի անդամը հաջողությամբ հրում է 194 կգ-ը՝ ապահովելով իր տեղը երկամարտի առաջին տեղում:

Ռաֆիկ Հարությունյանը հրաժարվեց երրորդ մոտեցումից եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը: 

Կարեն Մարգարյանը առաջին փորձով հրեց 185 կգ: Երկրորդ մոտեցմամբ ձախողեց 190 կգ-ը, երրորդով՝ 192 կգ-ն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.