ԵԱ․ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը կմենամարտեն տիտղոսի համար (ֆոտո, վիդեո)

19:37   29 մայիսի, 2022

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը դուրս եկան Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը տպավորիչ հաղթանակ տարավ կիսաեզրափակիչում: Մրցակիցը բուլղարացի Ջավեր Դիաս Այբանեզն էր: Բազեյանի մենամարտում  մրցավարները երեք ռաունդներում առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63.5 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ եւ 5:0 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Հունգարացի բռնցքամարտիկը երեք ռաունդ վազեց ռինգում՝ խուսափելով Բաչկովի հուժկու հարվածներից: Տպավորիչ ստացվեց երրորդ ռաունդը, որտեղ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիրը բառացիորեն խաղում էր մրցակցի հետ:

Բռնցքամարտիկները ռինգում հանդիպում էին երկրորդ անգամ: Առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Հովհաննես Բաչկովը հաղթել էր: Այդ Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ 7 տարվա դադարից հետո Հայաստանին բերեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ կիսաեզրափակիչ մենամարտերին մարզադահլիճում հետեւում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ:

Մայիսի 30-ին Հովհաննես Բաչկովը կպայքարի երրորդ, Արթուր Բազեյանն իր առաջին տիտղոսի համար Եվրոպայի առաջնություններում։

Մրցումային օրվա ամենավերջին մենամարտում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը կլինի իսպանացի Էմմանուել Ռայեսը: Մենամարտը նախատեսված է 20:15-ին:

Հիշեցնենք, որ 6-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի առաջին մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների կիսաեզրափակիչում հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Թոմաս Նիեդվեչիկին՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։