ԵԱ-ում կիսաեզրափակիչի մենամարտերի օրն է, Հայաստանն ունի 4 մասնակից

11:11   29 մայիսի, 2022

Երեւանում անցկացվող  բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրը մայիսի 29-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի մենամարտերը։ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Ցերեկային մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը (63,5 կգ),  Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ): 

Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաս Նիեդվեչիկի հետ: Մենամարտը կմեկնարկի 16:30-ին:

Երեկոյան մրցահերթում Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի բուլղարացի Ջավեր Դիաս Այբանեզը: Մենամարտը տեղի կունենա 18:45-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63.5 կգ քաշայինների պայքարում եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ:

Բռնցքամարտիկները ռինգում կհանդիպեն երկրորդ անգամ: Առաջին մենամարտը տեղի է ունեցել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Հովհաննես Բաչկովը հաղթել էր: Այդ Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ 7 տարվա դադարից հետո Հայաստանին բերեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Հովհաննես Բաչկով - Ռիչարդ Կովաչ մենամարտը տեղի կունենա 18:30-ին:

Մրցումային օրվա ամենավերջին մենամարտում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը կլինի իսպանացի Էմմանուել Ռայեսը: Մենամարտը նախատեսված է 20:15-ին:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին նաեւ  Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), որոնք լքել են պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։