ԵԱ. Դավիթ Չալոյանը պարտվեց առաջին ռաունդում, երկրպագուները սուլեցին, շշեր նետեցին (ֆոտո, վիդեո)

17:52   27 մայիսի, 2022

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը տեխնիկական պարտություն կրեց:

+92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ եւ առաջին ռաունդի վերջնամասում տեխնիկական պարտություն գրանցվեց հայ մարզիկին:

Առաջին ռաունդի մեկնարկից իսպանացի բռնցքամարտիկը մի քանի հուժկու հարված հասցրեց եւ հարվածաշարերով Դավիթ Չալոյնին թույլ չտվեց հակագրոհի գնալ: Գյումրեցի բռնցքամարտիկը չէր հասցնում նույնիսկ պաշտպանվել: Առաջին ռաունդի վերջնամասում իսպանացի բռնցքամարտիկի հարվածից Դավիթ Չալոյանը երերաց, ռինգի մրցավարը հաշիվ բացեց: Քիչ անց երկրորդ նոկդաունը եղավ, մրցավարը կրկին հաշիվ բացեց եւ մենամարտի առաջին ռաունդի երկրորդ րոպեն չլրացած մենամարտը դադարեցրեց: Երկրպագուները սուլեցին ռինգի մրցավարի որոշումը, տրիբունաներից շշեր նետեցին ռինգ: Տրիբունաներում հրմշտոց սկսվեց անվտանգության աշխատակիցների եւ երկրպագուների միջեւ: Անվտանգության աշխատակիցները փորձում էին հանգստացնել երկրպագուներին:

Մրցավարի որոշման հետ համաձայն չէին նաեւ Կարեն Աղամալյանն ու Ռուդիկ Մկրտչյանը, որը փորձեց շշով հարվածել ռինգի մրցավարին, բայց պատահմամբ դիպավ Կարեն Աղամալյանին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վնասվածք ստացավ:

Երկրպագուների սուլոցների եւ հայհոյանքների ներքո ռինգի մրցավարը բարձրացրեց իսպանացի բռնցքամարտիկի ձեռքը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկեց ռինգի մրցավարի որոշումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։