ԵԱ․ Նարեկ Մանասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ (ֆոտո)

19:47   26 մայիսի, 2022

Երեւանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանի 4-րդ մասնակիցը հաղթանակ տարավ 1/8-րդ եզրափակիչում:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ տարավ սլովակ Միխալեկ Դավիդի նկատմամբ: Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդի միջնամասում:

Հայաստանի ներկայացուցիչը երկու ռաունդների ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկեց սլովակ մրցակցին եւ երկու անգամ ռինգի մրցավարը հաշիվ բացեց:

Երրորդ նոկդաունից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը եւ գրանցեց տեխնիկական նոկաուտ: Մենամարտի մեկնարկից Նարեկ Մանասյանը անդադար հարվածաշարերով ճնշում էր գործադրում մրցակցի նկատմամբ՝ թույլ չտալով պատասխան հարվածներ անել սլովակ բռնցքամարտիկին:

Մրցումային 4-րդ օրը հաղթանակներ էին տարել նաեւ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը եւ Գուրգեն Մադոյանը: Բոլոր բռնցքամարտիկները դիտարժան եւ տպավորիչ մենամարտեր անցկացրին:

Մայիսի 27-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները, որտեղ Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ: Քառորդ եզրափակիչներում հաղթանակ տարած բռնցքամարտիկները կապահովեն բրոնզե մեդալներ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։