Գվարդիոլա․ Մենք լեգենդներ ենք

13:32   23 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է չեմպիոնությունը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 

Վերջին տուրում մանչեսթերյան թիմը տանը 3։2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Աստոն Վիլայի» նկատմամբ եւ 1 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին»։

«Վերջին խաղը միշտ էլ առանձնահատուկ է, հույզերը շատ են։ «Աստոն Վիլան» խաղադաշտում թողեց բոլոր ուժերը, բայց մեր առաջին գոլն ամեն ինչ փոխեց։ Մենք պետք է բեկեինք ընթացքը եւ արեցինք դա։

Մենք լեգենդներ ենք։ Եթե նույն ֆուտբոլիստները 5 տարում 4 անգամ նվաճում են Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, նշանակում է՝ նրանք առանձնահատուկ են։ Մեզ կհիշեն։ Չեմպիոնությունը սեփական խաղադաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ լավագույնն է։ Երբ հավասարեցրինք հաշիվը, հայտնվեց վստահություն, որ երրորդ գոլն էլ կխփենք։

Այս նվաճման նշանակությունը ընդգծվում է նաեւ մեր մրցակցի ուժով։ Ամբողջ կյանքիս ընթացքում չեմ բախվել «Լիվերպուլի» նման մրցակցի։ Շնորհավորում եմ նրանց։ Ամեն շաբաթ նրանք մեզ դարձնում էին ավելի ուժեղ։

Հաջորդ մրցաշրջանի մասին հիմա մտածելու ցանկություն եւ էներգիա չունեմ։ Մենք դարձյալ չեմպիոններ ենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Գվարդիոլան դարձավ առաջին ոչ բրիտանացի մարզիչը, որը չորրորդ անգամ նվաճեց Անգլիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը։

Ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն է՝ 13 տիտղոս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։