ԵԱ-ի բացումը Երեւանում, գեղեցիկ շոու, Արցախի դրոշներ բեմում (ֆոտո, վիդեո)

00:11   23 մայիսի, 2022

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը տրված է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը:

Կազմակերպիչները ոչինչ չէին խնայել Եվրոպային տպավորելու համար: Բացման արարողությունը սկսվեց դրսից՝ հրավառությամբ: Համալիրի երկնքում հայտնվեց բռնցքամարտի կաշվե ձեռնոցը: Մարզադահլիճում գտնվողները դրսում տեղի ունեցող հրավառությանն եւ դրոններով շոուին հետեւում էի փոքր հեռուստաէկրաններով:

Ներսում Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց կինետիկ գնդիկների վիզուալ շոուով, որը Հայաստանում առաջին անգամ էր ցուցադրվում:

Պաշտոնական հատվածին հաջորդեց Եվրոպայի առաջնության մասնակից երկրների անվանական ներկայացումը եւ դրոշներով շքերթը: Բոլոր 39 երկրների անուններն ըստ դրոշների հնչեցին, բայց վրիպում եղավ Թուրքիայի դրոշը հայտարարելիս. հաղորդավարը հայտարարեց Շվեյցարիա, բայց բեմ դուրս բերվեց Թուրքիայի դրոշը, իսկ Թուրքիան հայտարարելիս դուրս բերվեց Շվեյցարիայի դրոշը: Թուրքիայի դրոշը մարզադահլիճ մտնելուն պես հանդիսատեսները սկսեցին սուլել:

Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր:

Հարթ չընթացավ նաեւ ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի ելույթը: Նրա ողջույնի խոսքի ժամանակ հանդիսատեսի շարքերից երկու երիտասարդ վազեցին բեմ եւ պարզեցին Արցախի դրոշները: Անվտանգության աշխատակիցները մի քանի վայրկյան տարակուսեցին՝ մոտենալ, հեռացնել ակտիվիստներին, թե ոչ, ապա ավելի ուշ դուրս բերեցին երիտասարդներին: Արցախի դրոշները պարզելու պահին հանդիսատեսը ծափերով ողջունեց ակտիվիստների քայլը:

«Շնորհակալություն եմ հայտնում միջազգային ֆեդերացիայի եւ եվրոպական կոնֆեդերացիայի նախագահներին՝ 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը Հայաստանին վստահելու համար: Մենք արդեն պատրաստ են Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուն: Բոլոր երկրների ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություն եւ արդար մենամարտեր»,- ողջույնի խոսքում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Համբարձումյանը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կերմլյովը Երեւանը հայտարարեց եվրոպական բռնցքամարտի մայրաքաղաք:

«Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի ժողովրդին, կառավարությանը, մարզիկներին, մարզիչներին, մարզական կառույցներին՝ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու համար: Վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանը, Երեւանը դարձել է եվրոպական բռնցքամարտի մայրաքաղաք: Բոլորին մաղթում եմ դիտարդաժան մենամարտեր, իսկ բռնցքամարտիկներին՝ մեծ հաղթանակներ»,- ասաց Ումար Կրեմլյովը:

«Ես Հունաստանից եմ եւ շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շատ մեծ աշխատանք է կատարել հրաշալի կազմակերպվածությամբ: Այս մեծ իրադարձությունը օրինակ կծառայի մյուս երկրների համար, թե ինչպես հյուրընկալել խոշոր առաջնությունները: Շնորհակալություն Հայաստան հյուրընկալության համար»,- նշեց եվրոպական ֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը:

50 րոպե տեւած բացման արարողության ընթացքում պաշտոնական մասից բացի, կարճ բեմականացումով եւ անմիացիոն շոուով ներկայացվեց Հայաստանի պատմությունը՝ հիմքում պահելով հայի կամքի, հավատքի, մշակույթի, գիտության ուժը:

Եվրոպայի առաջնության բացման արարողությանը մասնակցում էին կառավարության անդամներ, նախարարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Պաշտոնական հյուրերի կողքին էին նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Եվրոպայի առաջնության մեկնարկը հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը:

Մարզիկների անունից երդման արարողությունը վստահված էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին:

Բացման արարողությանը տրիբունաներից հետեւում էին նաեւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները՝ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ըմբիշները նշեցին, որ կցանկանային մեկ օր էլ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեր Հայաստանում:

«Խնդրանքով դիմում ենք Հայաստանի ղեկավարությանը, որ մեկ օր էլ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվի Երեւանում: Մեզ համար շատ կարեւոր է տանը գոտեմարտել, պայքարել, հաղթել եւ այդ ուրախությունը մեր հայրենիքում պարգեւել մեր ժողովրդին, տեսնել նրանց ոգեւորությունը, զգալ նրանց աջակցությունը»,- ասացին ըմբիշները:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները․

48 կգ քաշային կարգ

Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)

51 կգ

Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող

54 կգ

Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57 կգ

Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0

60 կգ

Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող

67 կգ

Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)

75 կգ

Վախթանգ Հարությունյան - Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)

80 կգ

Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

+92 կգ

Դավիթ Չալոյան - Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:

Մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։