Յուրգեն Կլոպ․ Չեմ ակնկալում, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի վերջին խաղում

19:13   16 մայիսի, 2022

Անգլիայի նորընծա գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական մրցավազքում չի ակնկալում առաջատարի ձախողում վերջին տուրում։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 38-րդ տուրում կընդունի «Աստոն Վիլային»։ «Լիվերպուլը» դեռ պետք է անցկացնի նախավերջին տուրի հանդիպումը «Սաութհեմփթոնի» հետ, իսկ վերջին տուրում կընդունի «Վուլվերհեմփթոնին»։

«Անհամբեր սպասում եմ վաղվա խաղին։ Չէի ասի, որ դա շանս է մեր թիմի համար չեմպիոնական մրցավազքում, քանի որ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է «Մանչեսթեր Սիթին» երկու խաղում անընդմեջ միավորներ կորցրել։ Ես չեմ ակնկալում դա նաեւ նրանց վերջին խաղում այս մրցաշրջանում։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդի մեր խաղի վրա։ Երկու հանդիպումներում էլ կձգտենք հաղթանակի։

Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյքը դեռ լիարժեք չեն վերականգնվել։ Ընդամենը երկու օր առաջ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղացել ենք 120 րոպե։ Նրանք միայն այսօր են եղել իմ տրամադրության տակ։ Պետք է որոշում ընդունել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը։

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

«Մանչեսթեր Սիթին» (37 խաղ) 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» (36 խաղ) հետ է 4 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։