09:09 10 մայիսի, 2022Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ այս խորհրդանշական՝ հաղթանակի օրվան: Սա բոլորիս հաղթանակն է՝ հավաքականինը, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգինն ու Հայաստանինը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունաստանից ասաց ծանրամարտի երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Երկամարտում Կարապետյանը գրանցեց 370 կգ արդյունք (170+200), 15 կգ-ով ավելի նախորդ տարվա արդյունքից:
Գարիկ, երկրորդ տարին անընդմեջ նվաճում ես երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ տպավորություններ ունես: Հաղթանակդ սպասվա՞ծ էր:
Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Սպասված էր: Բոլորն էլ սպասում էին, որ կրկնեմ նախորդ տարվա հաջողությունս: Զգացողություններս բառերով կդժվարանամ փոխանցել: Ինձ հատկապես շատ ոգեւորեց այն, որ հաղթանակովս ոչ միայն ես եմ ուրախացել, այլ նաեւ ամբողջ ազգը ինձ հետ միասին: Քանի որ հաղթանակի օրն եմ դարձել չեմպիոն, նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ բոլորիս համար կարեւոր՝ հաղթանակի օրվան:
Երբ նախորդ տարի դարձա աշխարհի չեմպիոն, ուրախությունս շատ ավելի մեծ էր, կրկնապատիկ էր: Այս անգամ մի փոքր այլ էր: Հույզերի առումով համեմատաբար հանգիստ էի, ասես՝ սովորած լինեի: Զգացողություններս կրկնապատկվեցին, երբ տեսա, թե ինչպես է իմ ազգն ուրախացել իմ հաղթանակով:
Պոկում վարժությունում 170 կգ արդյունք գրանցեցիր, հրումում՝ 200 կգ: Սա այն էր, ինչ կարո՞ղ էիր այդ պահին, թե՞ կարող էիր ավելին:
Կարծում եմ՝ երկու վարժություններում էլ 5 կգ ավելի կարող էի բարձրացնել, եթե եւս մեկական մոտեցման հնարավորություն ունենայինք: Մարզումներին այս քաշերից ավել չէի արել, բայց այս պահին, այս մրցահարթակում պատրաստ էի նաեւ ավելին անել:
Ինչպե՞ս ընտրեցիր ծանրամարտը կյանքի ուղի: Ե՞րբ եւ որտե՞ղ ես արել առաջին քայլերդ:
Ես Գյումրիից եմ, 19 տարեկան: Ծանրամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Հայրս նախկին ծանրորդ է՝ Ալեքսան Կարապետյան: Նրա խորհրդով որոշեցի շարունակել այդ ճանապարհը: Առաջին անգամ նրա հետ եմ հաճախել մարզման եւ ինքն էլ եղել է իմ առաջին մարզիչը: Մարզվում եմ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Ի՞նչն է գրավում ծանրամարտում:
Ամեն ինչ ինձ դուր է գալիս այս մարզաձեւում՝ ծանրաձողի հետ կռվելը, մրցակիցների հետ պայքարը, ուժը, ծանրությունը հաղթահարելը:
Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:
Դեռ 19 տարեկան եմ: Եվս երկու տարի հանդես կգամ երիտասարդական հավաքականում: Երազանքս օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալն է, մեծահասակներում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները նվաճելը: Երբ տեղափոխվեմ մեծահասակներ, քաշս կփոխեմ 102 կգ եւ կպայքարեմ օլիմպիական վարկանիշների համար: Չեմ կարծում, որ կհասցնեմ պայքարել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի համար, բայց 2028-ին վստահ արդեն կլինեմ պայքարում:
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի ուժեղագույններից է: Ո՞ւմ հետքերով կցանկանայիր գնալ:
Մեծերի հավաքականից բոլորն ինձ հոգեհարազատ են. իմ ընկերներն են: Յուրաքանչյուրի հաղթանակով շատ եմ ուրախանում: Ինձ բոլորը ոգեշնչում են: Նրանցից յուրաքանչյուրի հաղթանակով ուրախանում եմ, հպարտանում:
Ինչպես յուրաքանչյուրի հաղթանակ, իմ այս հաղթանակն էլ բոլորինս է. միայն իմը չէ, մեր հավաքականինն է, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգին է եւ Հայաստանինը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.