Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)

19:40   9 մայիսի, 2022

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին մասնակից Պետրոս Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: 102 կգ քաշայինների պայքարում հայ ծանրարոդը երկամարտում գրանցեց 363 կգ արդյունք եւ նվաճեց արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 155 կգ-ն: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 160 կգ-ն ձախողեց, բայց երրորդ մոտեցմանը պոկեց 161 կգ: Այս վարժությունունում երիտասարդ ծանրորդը փոքր մեդալ չնվաճեց:

Լարված ստացվեց հրում վարժության պայքարը: Պետրոս Պետրոսյանը նախ հրեց 195 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 202 կգ: Երրորդ մոտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները միանգամից 10 կգ-ի քայլ կատարեցին եւ պատվիրեցին 212 կգ, որպեսզի Պետրոսյանն առաջ անցնի ուզբեկ մրցակցից եւ ապահովի երկամարտի ոսկե մեդալը, բայց Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ հրել: Այս վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալը՝ ընդամենը 2 կգ-ով հետ մնալով ուզբեկ մարզիկից:

Երկամարտի 363 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը նվաճեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), բրոնզե մեդալակիր պաղեստինցի Համադա Մոհամեդը (361 կգ):

Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմը 5 մեդալով ավարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկու ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:

Ոսկե մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյան (55կգ) եւ Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (102 կգ),  բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։