Ելիզավետա Տուկտամիշեւա․ Երեւանը հրաշալի քաղաք է, ամենուր ջերմ մթնոլորտ է

09:09   7 մայիսի, 2022

Երեւանը հրաշալի քաղաք է, ամենուր ջերմ մթնոլորտ է, մարդիկ բարեհամբույր են: Ինձ շատ է դուր գալիս այստեղ, բայց ստիպված եմ ժամանակից շուտ հեռանալ: Հուսամ, սա իմ վերջին այցելությունը չի լինի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշեւան:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ռուս լեգենդար մարզիչ, նախկին գեղասահորդ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Միշինը, որը բազմաթիվ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների մարզիչ է, մայիսի 1-ից Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում ուսումնամարզական հավաք է անցնում իր սաների հետ:

Նրա գլխավորությամբ երեւանյան հավաքին մասնակցում են Փհենչան-2018 ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան եւ Ռուսաստանի հավաքականի այլ անդամներ: Ելիզավետա Տուկտամիշեւան, Ալեքսեյ Միշինը բացի իր թիմի հետ հավաք անելուց, նաեւ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Տուկտամիշեւան մայիսի 5-ին վերջին մարզումն անցկացրեց Երեւանում: Նա հավաքն ավարտեց թիմակիցներից շուտ եւ վերադարձավ հայրենիք:

«Ինձ շատ է դուր գալիս լինել այստեղ, Հայաստանում: Առաջին անգամ եմ այցելում եւ մեծ տպավորություններ ունեմ: Այստեղ ամեն ինչ հրաշալի է: Ինձ դուր է գալիս ձեր սահադաշտը, բարձրակարգ սառույց ունեք: Առաջին օրվանից զգացել եւ գնահատել եմ Երեւանի սառույցի որակը: Ամեն սահադաշտ չէ, որ այսպիսի սառույց է ունենում: Սա մեծ «պլյուս» է մարզաձեւի համար:

Երեւանյան հավաքում աշխատում էինք քառակի տուլուպի վրա: Գոհ եմ մարզումներիս արդյունքից: Վերջին մարզմանս հաջողությամբ կատարեցի քառակի տուլուպը: Ստիպված եմ ժամանակից շուտ ավարտել հավաքս եւ վերադառնալ Ռուսաստան: Ուրախ եմ, որ դրական արդյունքով ավարտեցի այս հավաքը: Հույս ունեմ, որ առաջիկայում այսպիսի ցատկը չեմ կորցնի, կաշխատեմ դեռ վրան եւ կփորձեմ կատարելագործել»,- ասաց Ելիզավետա Տուկտամիշեւան:

Մենասահորդունին երեւանյան հավաքի օրերին, թիմակիցների եւ Ալեկսեյ Միշինի հետ շրջել է Հայաստանի տեսարժան վայրերով՝ եղել Սեւանում, Ծաղկաձորում, Գառնիում: Տուկտամիշեւային մասնավորապես գրավել է Սեւանա լիճը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ինստագրամում տեսանյութ է հրապարակել Սեւան այցելությունից:

Հիշեցնենք, որ լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինի գլխավորության Ռուսաստանի թիմի հավաքը կտեւի մինչեւ մայիսի 11-ը:

Լուսինե Շահբազյան

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Elizaveta Tuktamysheva (@liza_tuktik)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։