18:35 5 մայիսի, 2022Երեւանն այս օրերին հյուրընկալել է գեղասահքի աստղերի: Ռուս լեգենդար մարզիչ, նախկին գեղասահորդ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Միշինը, որը բազմաթիվ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների մարզիչ է, մայիսի 1-ից Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում ուսումնամարզական հավաք է անցկացնում իր սաների հետ:
Նրա գլխավորությամբ երեւանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշեւան, Փհենչան-2018-ի ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան եւ Ռուսաստանի հավաքականի այլ անդամներ:
NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւել է երեւանյան մարզումներից մեկին:
Մարզումները մեկնարկում են ամեն օր 9:30-ից եւ շարունակվում մինչեւ 12:30-ը: Այդ ընթացքում Ալեքսեյ Միշինն իր թիմի հետ համատեղ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ: 13:30-ից մեկնարկում է ռուս գեղասահորդների մարզումները, որին հետեւում են բոլորը, երբեմն նաեւ համատեղ մարզվելու հնարավորություն են ունենում հայ երեխաները:
Հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում է անցնում ռուս գեղասահորդների, օլիմպիական մեդալակրի, Եվրոպայի, աշխարհի չեմպիոնների մարզումները: Հայաստանում Ելիզավետա Տուկտամիշեւան աշխատում է քառակի տուլուպի վրա, Միխայիլ Կոլյադան էլ պարային նոր համարի վրա է աշխատում: Մեկ ժամվա ընթացքում միաժամանակ սառույցի վրա կարելի է տեսնել ռուս գեղասահորդների փայլուն ցատկերը՝ եռակի ակսելներ, քառակի տուլուպներ, կասկադներ, կատարելագորված պտույտներ:
Իսկ այդ ամենին հետեւում եւ խորհուրդներ է տալիս լեգենդար մարզիչը՝ չմոռանալով յուրաքանչյուր խոսքը համեմել հումորով եւ հաճելի մթնոլորտ ստեղծել իր սաների համար սառույցի վրա: Նա նաեւ կատակում է իրեն հետեւող հայ մարզիչների հետ, հասցնում այդ ընթացքում մտքերով փոխանակվել նրանց հետ:
Նշենք, որ մայիսի 5-ին Ելիզավետա Տուկտամիշեւան վերջին մարզումն էր անում Երեւանում: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտեց երեւանյան հավաքը եւ վերադառնում է Ռուսաստան: Վերջին մարզման օրը բազմաթիվ փորձերից հետո Տուկտամիշեւան հաջողությամբ կատարեց քառակի տուլուպը: Նրա կատարյալ ցատկը ծափերով ընդունվեց սահադաշտում մարզումներ անցնող եւ մարզումներին հետեւողների կողմից: Ալեքսեյ Միշինն այդ ընթացքում տեսանկարահանում էր սանի ցատկը: 81-ամյա մասնագետին եւս շատ ուրախացրեց Ելիզավետայի գրագետ եւ կատարյալ ցատկը: Ստացված ցատկից հետո ռուս մարզուհին ուրախությունից գրկեց իր մարզիչին, ի պատասխան դրան Ալեքսեյ Միշինը համբուրեց իր սանի ձեռքը:
Ռուս գեղասահորդները մարզումներից բացի նաեւ այցելել են Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Նրանց եղել են Ծաղկաձորում, Սեւանում, համտեսել հայկական ավանդական ուտեստներ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.