Անչելոտի․ «Ռեալի» պատմությունն է մեզ օգնում

09:47   5 մայիսի, 2022

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում եւ եզրափակիչ դուրս գալը։

«Չեմ կարող ասել, որ մենք արդեն հարմարվել ենք ծանր վիճակում հայտնվելուց հետո հաղթանակի հասնելուն, բայց նույնը տեղի էր ունեցել «Չելսիի» եւ ՊՍԺ-ի հետ դիմակայություններում։ «Ռեալի» պատմությունն է մեզ օգնում շարունակել պայքարն այդքան ծանր դրությունում հայտնվելուց հետո։

Խաղը տանուլ էինք տվել, բայց այդուամենայնիվ կարողացանք վերջին գրոհն անցկացնել եւ հասնել արդյունքի։ Մենք լավ խաղացինք ուժեղ մրցակցի հետ պայքարում։ Վերջին րոպեներին խփած գոլերը վստահություն եւ հոգեբանական առավելություն հաղորդեցին մեզ լրացուցիչ ժամանակում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» պարտվում էր 0։1 հաշվով մինչեւ 90-րդ րոպեն, երբ 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալի» երրորդ գոլը 11 մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Առաջին խաղում 4։3 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում Արքայական թիմի մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։