Երիտասարդական ԱԱ. Գոռ Սահակյանը՝ բրոնզե մեդալակիր

18:18   4 մայիսի, 2022

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկրամարտի 302 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 130 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 135 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ: Այս վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 160 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրեց՝ 165 կգ: Երրորդ մոտեցման համար Մելիք Ղուկասյանը պատվիրեց 170 կգ, բայց երիտասարդ ծանրորդը չկարողացավ հրել: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտում ոսկե մեդալակիր դարձավ Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), արծաթե մեդալակիր՝ թուրք Յուսուֆ Գենցը (307 կգ):

Գոռ Սահակյանին պարգեւատրեց միջազգային կարգի մրցավար, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին՝ Արայիկ Ալավերդյանը:

Պարգեւատրման արարողության ժամանակ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը սխալմամբ երկամարտի ոսկե մեդալը կախեց թուրք ծանրորդի պարանոցից: Ավելի ուշ երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոնը  նկատեց, որ իրեն սխալ մեդալով են պարգեւատրում:

Երիտասարդական առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր է դարձել 55 քաշային Գառնիկ Չալոյանը: Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 240 կգ արդյունք (108+132)՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Հայաստանը կներկայացնեն նաեւ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։