«Ալաշկերտը», «Արարատը», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Նոան» ստացան ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

17:23   2 մայիսի, 2022

ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստում քննության են դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Նորավանք» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2022/2023թթ․ ակումբային մրցաշարերի:

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու ակումբներից 6-ին․ դրանք են՝  «Ալաշկերտ ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Նոա ՖԱ», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն ուսումնասիրության առավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման ֆինանսական փորձագետների եզրակացությունն առ այն, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն ամբողջովին բավարարել է ֆինանսական չափանիշի պահանջները, սակայն, համաձայն ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդության, ակումբը չի կարող հանդիսանալ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու թեկնածու, քանի որ չի բավարարում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ․ խմբագրության) Հոդված 11-ով սահմանված երեք տարվա կանոնի պահանջները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը դիմել է ՈւԵՖԱ-ի  Ակումբների ֆինասական կառավարման մարմնին (Club financial control body - CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել «Նորավանք ՍԱ»-ի՝ ՈւԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Նիստի ընթացքում քննության է առնվել նաև ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2022/2023թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ուրարտու» ՖԱ-ն, «Հայասա» ՖԱ-ն և «Նորավանք» ՍԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։