09:09 1 մայիսի, 2022Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարերում կտեսնենք հայկական բասկետբոլի ապագան: Հայաստանի ազգային հավաքականից մեծ սպասելիքներ ունենք. թիմը կներկայանա նոր հանրահայտ գլխավոր մարզիչով եւ նոր, շատ ուժեղ բասկետբոլիստ Քրիս Ջոնսի մասնակցությամբ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:
Բասկետբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները պատրաստվում են հունիսի 29-ից հուլիսի 28-ն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տարբեր տարիքային խմբերում Հայաստանը կներկայանա երկու կանանց եւ երեք տղամարդկանց հավաքականներով: Առաջին անգամ տղամարդկանց ազգային հավաքականը հանդես կգա ամերիկահայ հայտնի մասնագետ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ:
Պարոն Հարութունյան, Եվրոպայի առաջնության մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Արդեն ձեւավորվա՞ծ են հավաքականները եւ ի՞նչ փուլերով կպատրաստվեն մրցաշարերին:
Նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Արդեն ունենք կոնկրետ որոշումներ մարզիչների ընտրության հարցում, հավաքականների ձեւավորման եւ հավաքների կազմակերպման հարցում: Սպասելիքները նույնպես մեծ են, մասնավորապես, ազգային հավաքականից, քանի որ ունենք նոր շատ ուժեղ բասկետբոլիստ մեր թիմում, նոր հանրահայտ մարզիչ: Ակնկալիքներ ունենք կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականից, տղաների մինչեւ 18 տարեկաններից: Կարծում եմ հաջող առաջնություն կունենանք, քանի որ ինչպես տղաների, այնպես աղջիկների հավաքականներն ունեն լավ հնարավորություններ:
Մինչեւ 16 տարեկանների կանանց հավաքականը վստահվել է Արեգ Վաթյանին: Նշեցիք, որ մեծ սպասելիքներ ունեք: Կմանրամասնե՞ք:
Այս թիմը կձեւավորվի տեղացի բասկետբոլիստներից: Բոլորը Հայաստանի խաղացողներ են լինելու, եւ սա լինելու է նրանց առաջին միջազգային փորձը: Կարծում եմ՝ լավ կմասնակցեն: Անկեղծ հավատում եմ, որ հաջող հանդես կգան, քանի որ կանանց կանոնավոր առաջնությունից հետո մեծ աճ տեսա մեր աղջիկների մոտ: Առաջնության հաշվին այս երեխաներն, իրոք, մեծ խաղային փորձ ձեռք բերեցին:
Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայում: Մրցակիցներ կլինեն Կիպրոսը եւ Մոլդովան: Կիպրոսը, բնականաբար, հունական դպրոցն է: 16 տարեկանում հայերը այլ բասկետբոլ են խաղում, մի քիչ առավելություն են ունենում մյուս երկրների իրենց տարիքային հավաքականների նկատմամբ: Ես ինձ համար բացահայտել եմ, որ 16 տարեկանում ֆիզիկական եւ հոգեբանական առումով մեր խաղացողները խաղադաշտում ինչ-որ առավելություն են ունենում: Այս ֆոնին կարծում եմ, որ մեր աղջիկները կկարողանան հաղթել Կիպրոսին, չնայած չի կարելի թերագնահատել նաեւ մրցակցին: Ամեն դեպքում, սպասելի է նաեւ, որ Կիպրոսի 16 տարեկանների հավաքականն էլ որակով բասկետբոլ կխաղա: Մոլդովայի հավաքականը չեմ կարծում, որ մեզ համար խնդիրներ կստեղծի:
Կանանց Մ20 հավաքականն առաջին անգամ է B դիվիզիոնում խաղալու: Ի՞նչ ակնկալիքներ կան:
Այստեղ ունենք ուժեղ մրցակիցներ: 20 տարեկանների մեջ 19 թիմ է հավաքվել: Մեր ենթախմբում միակ թիմը, որը կլինի հարմար մրցակից, իմ կարծիքով, Վրաստանի հավաքականն է: Խաղային առումով Վրաստանն այնպիսի թիմ է, որ մենք նրա հետ խնդիր չենք ունենա: Մյուս մրցակիցները՝ Գերմանիան, Իսրայելն ու Իսլանդիան շատ լուրջ բասկետբոլային երկրներ են: Բոլորն էլ միշտ B դիզիոնի թիմեր են եղել, երբեւէ C դիվիզիոնում չեն խաղացել: Մեկ անգամ Իսլանդիայի հետ խաղացել ենք 2016 թվականին, երբ մեր հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության C դիվիզոնում: Երզափակիչում պարտվեցինք Իսլանդիային: Շատ պատրաստված թիմ էր:
20 տարեկանների համար շատ ծանր է լինելու: Թող մասնակցեն այս տարի B դիվիզոնում, որից հետո, ըստ երեւույթին, ֆեդերացիայով նոր որոշում կկայացնենք՝ 20 տարեկանները շարունակեն B դիվիզոնում խաղալ, թե միայն C: Այս տարի մեր ուժերը կկարողանանք գնահատել B դիվիզիոնում: Շատ կարեւոր է, որ լավ մասնակցենք: Եթե պետք է B-ում հանդես գանք ու տհաճ արդյունքներ լինեն, գուցե շարունակենք C-ում:
Այստեղ կունենանք մեզ հայտնի անուններ: Հավաքականին կմիանան մեր 4 ամերիկահայ բասկետբոլիստուհիները՝ Փաթիլ Յակուբյանը, Արեգնազ Օրուջյանը, Մերի Մարկարյանը եւ Կայլա Քեշմեշյանը: Մյուսները կլինեն հայաստանցի խաղացողները, նախորդ տարվա թիմը: Մինչեւ 20 տարեկանների թիմը շատ լավն է: Մրցակիցներն են ուժեղ: Հիշեցնեմ, որ այս նույն թիմով եւ մեր 4 ամերիկահայերով 2019-ին դարձան C դիվիզիոնի չեմպիոն:
Հավաքականը կգլխավորի ամերիկահայ Սուրեն Արզումանյանը: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:
Տղաների երեք հավաքական է մասնակցելու ԵԱ-ին. ազգային հավաքականի նոր, հանրահայտ մարզիչ, Ադրբեջանի հետ մրցող 18 տարեկանների հավաքական եւ նոր կազմով 16 տարեկանների թիմ: Ի՞նչ սպասել տղաներից:
Տղաների դեպքում լավ խաղեր են սպասվում: Մինչեւ 16 տարեկանների հավաքականը կգլխավորի պարսկահայ Զորիկ Իսանջանին: Նա բնակվում է ԱՄՆ-ում: Եղել է մեր լավագույն մարզիչներից: Նախկինում հրաշալի բասկետբոլ է խաղացել: Թիմում լինելու են ամերիկաբնակ հայ խաղացողներ եւ տեղացիներ:
Տղաների պարագայում թույլ մրցակից հասկացություն գոյություն չունի: 16 տարեկանները շատ թույլ չեն, բայց նաեւ ուժեղ էլ չեն: Մեզ համար քաղաքականություն վարելու շատ կարեւոր հավաքական է լինելու 16 տարեկաններինը: Որպես այդպիսին մեծ արդյունքներ չենք ակնկալում: Այս հավաքականն ավելի շատ հետագայի համար է լինելու: Պարզ է, որ հաղթելու ցանկությունը մեծ է, բայց կբացեմ փակագծեր. գուցե այս Եվրոպայի առաջնությունում չտեսնենք այն սպասելի արդյունքը, որը կլինի հետագայում: Մեզ համար շատ կարեւոր է, որ 16 տարեկանների թիմը մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որպեսզի փորձ ձեռք բերի եւ աճի: Ինչպես կանանց 16 տարեկանների դեպքում, տղաների դեպքում էլ լրիվ նոր թիմ ենք ունենալու: Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում:
Ո՞վ կգլխավորի մինչեւ 18 տարեկանների հավաքականը:
Ունենք նոր մարզիչ՝ Հարութ Եսայանը: Հանդիպումները կլինեն հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:
Հարութ Եսայանի համար սա առաջին փորձն է Հայաստանի հավաքականի կազմում որպեզ գլխավոր մարզիչ: Թիմի խաղացողների 99 տոկոսն իր անձնական սաներն են լինելու, որոնց ինքն է պատրաստել: Այս տարիքային խմբերի հետ երկու մարզիչ են հիմնականում աշխատում եւ նրանցից մեկը Հարութ Եսայանն է: Շատ լավ թիմ ունենք, շատ լավ երիտասարդներ են: Այս տարի 18 տարեկանների հավաքականից շատ մեծ ակնկալիքներ ունենք, որովհետեւ լավ թիմ է՝ կռիվ տվող, պայքարող տղաներ են: Կարծում եմ՝ պետք է, որ շատ լավ խաղան: Լուրջ եւ պատրաստված թիմով կներկայանա Եվրոպայի առաջնությանը: Վստահ հայտարարում եմ, որ շատ ուժեղ հավաքական ենք տեսնելու: Այն, որ ասում են՝ հայկական բասկետբոլի ապագան, այս թիմն է լինելու հենց մեր ապագան: Բոլորը մեր երեխաներն են՝ շատ լավն են:
Մինչեւ 18 տարեկանների մրցակիցներից է նաեւ Ադրբեջանի հավաքականը...
Ոչ միայն 18 տարեկաններն են հանդիպելու, նաեւ ազգային հավաքականն է հանդիպելու Ադրբեջանի հավաքականին: Կարծում եմ՝ եզրափակիչում ազգային հավաքականը կմրցի հենց Ադրբեջանի հետ, որը խաղում է մյուս ենթախմբում: Ավելի քան վստահ եմ, որ կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ մենք նրանց հետ ենք խաղալու: Այնպես, որ միայն 18 տարեկանները չեն հանդիպելու:
Ադրբեջանցիները միշտ լեգեոներների են օգտագործել: Մենք էլ ենք ունեցել լեգեոներներ, բայց հայ տղաներ են եղել, որոնք ապրում ենք դրսում: Իրենք օտարազգի լեգեոներներով են համալրում իրենց հավաքականները: Նրանց կազմում շատ են լինում ռուսներ, ամերիկացիներ: Անձնագիր են տալիս, հրավիրում հավաքական: Այս տարի չեմ կարող ասել, թե ինչ կազմով կներկայանան, բայց մինչեւ այս որքան էլ հանդիպել ենք Ադրբեջանի հավաքականներին, խնդիրներ չենք ունեցել: Միշտ հաղթել ենք նրանց:
Նշեցիք, որ ազգային հավաքականը նաեւ կհանդիպի Ադրբեջանին հավաքականին կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում: Այսինքն՝ ըստ Ձեզ, ազգային թիմը այս ենթախմբում խնդիր չի ունենա՞:
Իմ կանխատեսումով, այո մենք դուրս կգանք այս ենթախմբից եւ մյուս զամբյուղից վերջին խաղերում կհանդիպենք Ադրբեջանին: Նույնիսկ ինձ թվում է՝ եզրափակիչ կխաղանք նրանց հետ: Իսկապես մենք ունենալու ենք շատ ուժեղ հավաքական: Նոր հայտնի մարզիչ ունենք՝ Ռեքս Կալամյան: Նրա անունն արդեն ասում է ամեն ինչ՝ NBA մարզիչ: Նա լուրջ արդյունքներ ունի բասկետբոլում: Կարեւոր չի, թե նա հավաքականն ինչպես կպատրաստի, այլ թե հետագայում հայկական բասկետբոլի զարգացման համար ինչ նախադրյալ կստեղծի:
Ազգային հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում: Ռեքս Կալամյանը Հայաստան կժամանի մրցաշարի մեկնարկից 3 շաբաթ առաջ: Կունենանք հավաք, որի ընթացքում նախատեսում ենք Հայաստանում անցկացնել միջազգային մրցաշար 4 պետությունների մասնակցությամբ: Սա հավաքի փուլերից մեկն է լինելու, որի ընթացքում թիմը կնախապատրաստվի Մալթա մեկնելուն: Մյուս հավաքականները կսկսեն պատրաստվել մրցաշարերից երկու շաբաթ առաջ:
Ովքե՞ր են լինելու ազգային հավաքականի կազմում, նոր անուններ կա՞ն:
Այո, շատ ուժեղ բաստկետբոլիստ է միանալու մեր թիմին՝ ամերիկացի Քրիս Ջոնսը, որն այժմ հանդես է գալիս «Ասֆել Վիլերբանում», բայց շուտով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Նա խաղացել է տարբեր ակումբերում: Արդեն լուծել ենք նրա հայկական անձնագրի հարցը: Հայաստանի հետ որեւէ կապ չունի, բայց քանի որ յուրաքանչյուր ազգային հավաքական իրավունք ունի մեկ օտարազգի լեգեոներ ունենալ իր թիմում, այս տարի մենք հրավիրեցինք Քրիս Ջոնսին: Ռեքս Կալամյանը եւս շատ ուրախ է, որ ուժեղ խաղացող ենք հրավիրել հավաքական:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ ՀԲՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.