«Շիրակը» կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությանը

21:13   15 ապրիլի, 2022

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:

Կոմիտեի՝ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը,  ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։

Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։

Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց․

Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։

«Շիրակն» այս մրցաշրջանում հանդես է գալիս Առաջին խմբում եւ 21 խաղից հետո 53 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Լեռնային Արցախն» է՝ 54 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։