Արսեն Հարությունյան․ Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, չենք ցանկանում լարվածություն առաջանա

09:09   15 ապրիլի, 2022

Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, ինչպես դա եղել է մինչեւ 2021 թվականի դեկտեմբեր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Ապրիլի 14-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարության տեսքով անդրադարձավ ըմբիշների ֆինանսավորումներին:

«Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ»,- գրված է նախարարության պաշտոնական կայքում:

Հայտարարությունից անմիջապես հետո ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամները միաժամանակ սոցցանցերում հանդես եկան հետեւյալ գրառմամբ.

«ԿԳՄՍՆ-ի տված «պարզաբանման» մեջ ներկայացված գումարները մենք ստացել ենք 2020թ. Հարությունյանի և Թամրազյանի առաջարկով կառավարության ընդունած 1468- N որոշման հիման վրա: Այդ որոշման ժամկետը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք: Լրջացեք»:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով, ըմբիշների խնդիրը նպաստները վերականգնել է։

«Ես չգիտեմ նախարարությունն ինչ է ասում, բայց նշված գումարները մենք ստացել ենք մեր արդյունքների համար: Ես 2021 թվականին ստացել եմ նշված 14 միլիոն դրամը: Այդ գումարը իմ պետական պարգեւների հանրագումարն է՝ Մ23 աշխարհի չեմպիոնի համար 3 միլիոն, լավագույն տասնայկի մեջ ընդգրվելու համար ստացած 5 միլիոնը, որը արդյունքում 3 միլիոն էր, ամբողջ տարվա իմ աշխատավարձը, աշխարհի բրոնզե մեդալի համար ստացած պետական պարգեւավճարը: Այդ ամենը գումարել են իրար եւ ստացվել է 14 միլիոն:

Դեկտեմբերից մենք նպաստ չենք ստանում: Այնպես, ինչպես օրենք էր ընդունվել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 21-ը, մենք ուզում ենք, որ նոր օրենք ընդունվի եւ մենք բոլորս աշխատավարձ ստանանք: Ես ստանում եմ աշխատավարձ՝ 300 հազար դրամ, դա իմ նախորդ տարվա արդյունքների թոշակն է, բայց մյուսները չեն ստանում: Այն տղաները, որոնք չեն կարողացել արդյունք անել 2021 թվականին, այս տարի գումար չեն ստանում: Այդ պատճառով մենք կանգնել ենք բազմաթիվ խնդիրների առաջ: Մեր անձնական միջոցներով այլեւս չենք հասցնում խնդիրներին լուծում տալ: Մենք չենք կարողանում վիտամինների հարցը լուծել, բուժումները, համազգեստի հարցը լուծել:

Այս խնդիրները պետք է լուծվեն: Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն: Բացի մեր պետական պարգեւավճարներից Արայիկ Հարությունյանը եւ Գրիշա Թամրազյանը կառավարության որոշմամբ մարզիկների համար նպաստներ նշանակեցին, որպեսզի կարողանայինք մեր ֆինանսաներով մեր ծախսերը հոգալ: Նախորդ տարվա օգոստոսից մեր նպաստները սկսեցին հարկել, դեկտեմբերին նպաստ ստանալու որոշման ժամկետը լրացավ եւ վերջնական կտրվեց եւ դեկտեմբերից այլեւս չենք ստանում: Սա է մեր ցանկությունը։

Մենք չենք ցանկանում լարվածություն առաջանա կամ մեր բողոքը քաղաքականացվի: Ուզում ենք, որ սրտացավ մոտենան մեր հարցին. չէ որ առավոտից երեկո քրտնաջան աշխատում ենք մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Գոնե կարեւոր հարցերը աչքաթող չանեն»,- պարզաբանեց Արսեն Հարությունյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.