Մալխաս Ամոյան. Ամեն ինչ կանեմ, որպեսզի նաեւ 77 կգ-ում աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնամ

09:35   5 ապրիլի, 2022

Անբացատրելի զգացողություններ ունեմ։ Երբ տեսա, թե ինչպես է ժողովուրդն ուրախանում իմ հաղթանակով, ավելի պարտավորվեցի եւ կրկնակի ուրախացա։

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը նախորդ գիշեր Հունգարիայից վերադարձել է հայրենիք։

23-ամյա ըմբիշն ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում:

«Ամեն մրցաշարի գնում եմ ոսկե մեդալի հետեւից։ Այս անգամ էլ անձնական մարզիչներիս, հավաքականի մարզիչների, հորեղբայրներիս շնորհիվ լավ մարզավիճակում էի գտնվում եւ կարողացա հաղթել։

Նոր քաշային կարգում էի։ Ինձ թվում էր, թե շատ բարդ կստացվի, բայց առաջին փորձից հաջողվեց Եվրոպայի չեմպիոն դառնալ արդեն օլիմպիական քաշային կարգում։ Երբ մրցաշարից հետո տեսնում ես, թե ինչպես է ժողովուրդն ընդունում քո հաղթանակը, ուրախանում դրանով, ավելի ես պարտավորվում, կրկնակի ուրախություն ես զգում։ Զգացողություններս անբացատրելի են, չեմ կարող բառերով բացատրել։

Կփորձեմ ամեն ինչ անել, որպեզի  77 կգ քաշային կարգում նաեւ աշխարհի եւ Օլիմպիական խաղեր հաղթող դառնամ։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի Քառօրյա պատերազմի օրը։ Այդ առիթով թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներիս նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյայի հերոսներին, ինչպես նաեւ հայ եւ եզդի ազգերիին»,- ասաց Մալխաս Ամոյանը։

Բուդապեշտում ապրիլի 1-3-ն անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։