Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին զուռնա-դհոլով դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

09:09   5 ապրիլի, 2022

Այս գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կրկին չեմպիոնական տրամադրություններ էր. ապրիլի 5-ին ժամը 03։50-ին Բուդապեշտ - Վարշավա - Երեւան չվերթով հայրենիք վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Նրա հետ վերադարձան նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրները եւ Հայաստանի հավաքականի մարզչական կազմը։

Եվրոպայի նորընծա չեմպիոնին դիմավորելու էին եկել հարազատներ, բարեկամները, ընկերները, եզդի համայնքի ներկայացուցիչներ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ։

23-ամյա չեմպիոնը ժամանման սրահ դուրս եկավ զուռնա-դհոլի հնչյունների ներքո, որը տոնական տրամադրություն էր հաղորդել բոլոր հավաքվածներին, այդ թվում նաեւ այլ չվերթներով Հայաստան ժամանողներին։ 23-ամյա չեմպիոնի դուրս գալուն անհամբեր սպասում էին նաեւ օդանավակայանի աշխատակիցները։ Անմիջապես ելքի դռների մոտ առաջինը Եվրոպայի չեմպիոնին գրկախառնվեց եւ շնորհավորեց  անվտանգության աշխատակիցը։ 

Մալխաս Ամոյանին եւ մյուս մեդալակիրներին դափնիներ հանձնեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը։ 

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ապրիլի 1-3-ն անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներին Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց քառորդ եզրափակիչում, իսկ Կարապետ Չալյանը (82 կգ) պարտվեց մեկնարկում եւ դուրս մնաց պայքարից:

Վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնությանը չմասնակցեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը սակայն թիմի հետ այս օրերին գտնվել է Բուդապեշտում եւ օգնել ըմբիշներին պատրաստվել գոտեմարտերին: Արթուր Ալեքսանյանը Հայաստանի թիմի հետ չի վերադարձել։

 Հայաստանը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։