Արսեն Հարությունյան. Հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորներին

21:46   31 մարտի, 2022

Քանի որ եզրափակիչում հաղթել եմ թուրք մրցակցին, հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

22-ամյա ըմբիշը մարտի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 61 կգ քաշայինների եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ոսկե մեդալի ճանապարհին Արսեն Հարությունյանը տարավ երեք փառահեղ հաղթանակ: Քառորդ եզրափակիչում 2 րոպե 19 վայրկյան տուշեով հաղթեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Կիսաեզրափակիչում առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս 13:8 հաշվով հաղթեց 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, լեհ Էդուարդ Գրիգորեւին, իսկ եզրափակիչում 15:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Աթլիի նկատմամբ:

Արսեն, շնորհավորում եմ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: Եթե համեմատենք 2019 թվականի հաղթանակիդ հետ, ինչո՞վ առանձնացավ երկրորդ չեմպիոնությունդ:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սպասում էի հաղթանակիս: Զգացողություններս տարբեր են: Այս հաղթանակը անհամեմատ տարբեր է 2019 թվականի չեմպիոնությունիցս: Այն անգամ առաջինն էր եւ ամեն ինչ այլ էր: Սա երկրորդ անգամ էր եւ մի փոքր ավելի սովորական էր, երեւի արդեն ավելի հասուն եւ գիտակից: Ինձ անչափ ոււրախացնում է այն փաստը, որ ձգտում կար, ուզում էի երկրորդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն, եւ ես կարողացա դա անել:

Պատկերացնում էի, որ պետք է չեմպիոն դառնամ: Եկել էի ոսկու հետեւից: Ամիսներ շարունակ տանջվել եմ այս մրցման համար՝ Ծաղկաձորի հավաքից սկսած մինչեւ վերջին երեւանյան հավաքը ես աշխատել եմ մի նպատակով, որ հռչակվեմ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Բուդապեշտի մրցագորգում ո՞ր գոտեմարտը կառանձնացնես քեզ համար: Ո՞րը դժվար տրվեց:

Բոլոր գոտեմարտերն էլ դժվար էին: Երեւի կառանձնացնեմ կիսաեզրափակիչը, քանի որ 0:6 պարտվում էի, բայց հաղթեցի: Անսպասելի էր մեկնարկից 0:6 հաշվով պարտվելը: Չհասկացա ինչ եղավ. այդքան միավոր տվեցի:

Բոլորն էլ բարդ է եղել ինձ համար: Հեշտ հաղթանակ չկա: Միշտ, յուրաքանչյուր գոտեմարտի մեջ հոգի եմ դնում եւ մեկ նպատակ՝ հաղթած իջնել մրցագորգից:

Թուրք մրցակցի հետ ոսկե մեդալի համար պայքարում լարվածություն կա՞ր:

Թուրք ըմբիշը տիտղոսակիր է: Առաջնության հենց սկզբից ուզում էի, որ նա դուրս գար եզրափակիչ: Մրցման առաջին օրից գիտեի, որ նա իմ հակառակ խմբում է, անունով, տիտղոսներով տղա է եւ ուզում էի նրա հետ դուրս գալ եզրափակիչ: Երկար ժամանակ թուրք կամ ադրբեջանցի մրցակից չէի ունեցել: Ինքս ինձ ասում էի՝ երանի նա հասնի եզրափակիչ եւ մենք հանդիպենք մրցագորգում, որ լինի հետաքրքիր՝ հայկական եւ թուրքական եզրափակիչ: Գոտեմարտիս նախորդ օրը լարվածություն կար: Եզրափակիչի օրն, արդեն, մի կողմ էի թողել լարվածությունս: Ինձ տրամադրեցի եւ դուրս եկա մրցագորգ: Որ գիտեի թուրք մրցակցի հետ եմ մրցելու, ամեն ինչ արեցի լավ գոտեմարտ անցկացնելու եւ հաղթանակած գորգից դուրս գալու համար:

Ի՞նչ զգացողություններ էին քեզ պատել պատվո հարթակին:

Իմ ամենասիրած պահն է, երբ հայ մարզիկի պատվին հայոց հիմն է հնչում եւ մեր դրոշն է բարձրանում ամենավերեւում: Այդ պահին հպարտության զգացողություններ եմ ունենում, որ կարողացել եմ իմ առջեւ դրված առաջադրանքը կատարել:

Չեմպիոնական շրջանը մարզիչիդ հետ անցար: Նախապես ծրագրե՞լ էիր, թե՞ այդ պահի ազդեցության տակ ստացվեց:

Չէի ծրագրել, այդպես ստացվեց: Չեմպիոն դառնալիս միշտ մարզիչներիս կանչում եմ ինձ հետ անցնել շրջանը, բայց նրանք խուսափում են, չեն գալիս: Այս անգամ ինձ հետ էր անձնական մարզիչս՝ Արշակ Հայրապետյանը: Նրան ասացի՝ այս անգամ պիտի գաս, անպայման: Իմ յուրաքանչյուր հաղթանակ մարզիչներիս, հավաքականի մարզիչների մեծ աշխատանքի արդյունքն է: Ես միշտ շնորհակալ եմ նրանց իմ հաղթանակների, հաջողությունների համար: Միայնակ այս ամենին չէի հասնի:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Քանի որ եզրափակիչում հաղթել եմ թուրք մրցակցին, հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր տղաներին, զինվորներին:

Ո՞րն է հաջորդ մեծ նպատակդ:

Ես միշտ մի քանի ամիս առաջ արդեն ծրագրում եւ նպատակներ եմ դնում իմ առջեւ: Այս տարի էլ մեծ նպատակներ ունեմ: Առաջինը Եվրոպայի չեմպիոնությունն էր, հաջորդը լինելու է աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Կփորձեմ այս նպատակս իրականացնել: Տարվա սկզբից պլանավորել էի՝ Եվրոպա, աշխարհ ու դրանից հետո հարսանիք: Հուսամ՝ կկարողանամ հաջողությամբ իրականացնել բոլորը, բայց, մինչեւ ամուսնություն, դեռ կա աշխարհի առաջնություն:

Խոստումներ տալ չեմ սիրում, բայց քանի որ հաջորդ մեծ նպատակս աշխարհի ոսկե մեդալն է, պետք է ամեն ինչ անեմ, որ լինի: 

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.