Արսեն Հարությունյան․ Սա բոլորիս հաղթանակն է (ֆոտո)

11:42   31 մարտի, 2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճած Արսեն Հարությունյանը ինստագրամյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը։

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։ Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- գրել է Արսեն Հարությունյանը։

View this post on Instagram

A post shared by Arsen Harutyunyan (@harutyunyan__111)

Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 15:3 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի մեկնարկից 49 վայրկյան անց:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 61 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը: Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր՝ նվաճելով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը (57 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մոնղոլ ըմբիշը եզրափակիչ դուրս չեկավ: 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր է, Մ23 աշխարհի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։