ԵԱ. Արսեն Հարությունյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով (ֆոտո)

21:40   30 մարտի, 2022

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ Արսեն Հարությունյանի  պարգեւատրման արարողությունը։

Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշայինների կարգում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 15:3 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի մեկնարկից 49 վայրկյան անց:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 61 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը: Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր՝ նվաճելով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը (57 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մոնղոլ ըմբիշը եզրափակիչ դուրս չեկավ: 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր է, Մ23 աշխարհի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։